![]()
Արցախցի Եսայանների նոր տունն է Տավուշում: Նվեր է՝ նորոգված, նոր կահույքով, կենցաղային տեխնիկայով, խոհանոցի թավայից մինչև բաժակ ամբողջական սպասքով կահավորված: Սառնարանը սնունդով է լիքը, պահարանը՝ ընտանիքին անհրաժեշտ հագուստով ու անկողնային պարագաներով՝ նկատում է տանտիրուհին:
Լուսինե Բուլղադարյան (ծրագրի շահառու) — Բացի էս, մեջն էլ ամեն ինչ ապահովված է:
Ինչ բնակարանամուտ առանց շնորհավորանքի ու կենացի: Ամենասպասված մաղթանքը խաղաղությունն է:
Մանկապարտեզի տարիքից ուսանող՝ 5 երեխա ունեցող բազմազավակ այս ընտանիքը ստիպված էր ապրելու նոր հասցե գտնել, քանի որ պատերազմն անհնար դարձրեց Քաշաթաղի Երիցվանք գյուղի իրենց տուն վերադառնալը:
Արկադի Եսայան (ծրագրի շահառու) — Ապրել ենք, էլի, մեր համար, հող ենք ունեցել, դպրոցում վարորդ եմ եղել՝ երեխեքին տանել-բերել:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի արցախցիներին սահմանամերձ Տավուշում վերաբնակեցնելու ծրագիրը ամերիկյան «Փարոս» հիմնադրամինն է: Նրա ղեկավար Պիտեր Աբաջյանն անձամբ է եկել առաջին շահառուի համար ստեղծված պայմաններին ծանոթանալու:
Պիտեր Աբաջյան (Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի տնօրեն) — Հիմա Ներքին Կարմիրաղբյուրում 5 տան վրա աշխատում ենք, 5 ընտանիք ընտրել ենք, մի քանի ամսում կտեղափոխվեն:
Վերաբնակեցման այս ծրագրով «Փարոսին» միացած ՀԿ-ներից, «Ֆոկուս օն չիլդրընը» 3 ամիս սնունդ է հատկացնելու, «Դասավանդիր, Հայաստանը» կհոգա երեխաների ընդհատված կրթության, «Սահմանը»՝ ընտանիքին ապրուստով, մշտական եկամտով ապահովելու հարցը:
![]()