«Մեր արածը գնահատվեց, գլուխ գովել չլինի, բայց դա այդպես է». տարվա լավագույն դերասան

Այս տարի «Արտավազդ-2020/2021» թատերական մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում ստացած մրցանակների մեծ թվով աչքի ընկավ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը: Մարտի 27-ին կայացած 20-րդ հոբելյանական «Արտավազդ» մրցանակաբաշխությանը համազգայինցիներին շնորհվեց միանգամից 6 մրցանակ:

Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ վերջին անգամ նման նախադեպ ունեցել էին մոտավորապես 7 տարի առաջ. Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում ներկայացված Գոռ Մարգարյանի «Մեղրի համը» բեմադրությունը միանգամից 6 մրցանակի էր արժանացել:

«Մրցանակաբաշխության ժամանակ նման զարգացումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ ժյուրին օբյեկտիվ է գործում: Ե՛վ այն ժամանակ էր օբյեկտիվ, ե՛ւ հիմա: Գավառական այն մոտեցումը, թե ամեն մեկին մի բան տանք՝ պրոֆեսիոնալ մրցանակաբաշխության մեջ երբեք չի կարող կիրառվել:

Կարծում եմ՝ ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի ժյուրին շատ ճիշտ որոշում կայացրեց: Իդեալական գործ արեցին»,-ասաց նա: Ղազանչյանը նաեւ նկատեց՝ լավագույն դերակատարը, եթե լավ գործ է բեմադրել, ապա չպիտի տուժի եւ դրա համար մրցանակի չստանա միայն այն պատճառով, որ մեկ մրցանակ արդեն ստացել է, որպես լավագույն դերասան կա՛մ մեկ այլ անվանակարգում:

ՀԹԳՄ նախագահն անդրադարձավ նաեւ այն բազմաթիվ քննադատություններին, որոնք ուղղված էին մասնավորապես մրցանակաբաշխության ընթացքում հակահամաճարակային կանոնները չպահպանելուն: «Ինչ ասեմ՝ դա մեր բացթողումն էր, բայց մյուս կողմից էլ, բոլորն ուզում էին ներկա գտնվել: Պատկերացրեք նույնիսկ այդ լեփ-լեցուն դահլիճի պայմաններում մարդիկ են եղել, որ հրավիրատոմսեր չեն ստացել ու նեղացել են: Մենք բարդ իրավիճակում էինք հայտնվել: Թատրոններից դերասանները գալիս են առանց հրավերի՝ չենք կարող արգելել, ուսանողները մտնում են ուսանողական տոմսերով, նույնպես արգելել չենք կարող, քանի որ նրանք ամեն տարի սրտատրոփ սպասում եւ ուզում են ներկա գտնվել»,-ասաց Ղազանչայնը:

Հիշեցնենք՝ «Արտավազդ» մրցանակաբաշությանը տարվա «Լավագույն դերասանուհի» մրցանակին է արժանացել «Համազգային» թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանը («Փափլիկը»):

«Լավագույն դերասան» մրցանակին է արժանացել «Համազգայինի» տնօրեն, դերասան, Արման Նավասարդյանը՝ (Հեղինակ — Սաքո) «Լոռեցի Սաքոն» ներկայացման համար: Դերասանուհի Նարինե Գրիգորյանը մրցանակներ է ստացել երկու տարբեր անվանկարգերում «Լավագույն ռեժիսուրա»՝«Լոռեցի Սաքոն» եւ «Փափլիկը» ներկայացումների համար եւ «Լավագույն ներկայացում» դարձյալ «Փափլիկը» ներկայացման համար: «Համազգային» թատրոնի երիտասարդ դերասան Նարեկ Բաղդասարյանն էլ արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին («Փափլիկը» ներկայացում): «Լավագույն պիես» մրցանակին է արժանացել Սառա Նալբանդյանը՝ Համազգային թատրոնում բեմադրված «Հաղթանակի գենեզիս» ներկայացման համար:

Տարվա լավագույն դերասանի մրցանակին արժանացած Արման Նավասարդյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց, որ նախկինում էլ մի քանի անգամ առաջադրված է եղել նույն անվանակարգում, սակայն սա առաջին մրցանակն էր: «Գուցե այն ժամանակ այնքան էլ չեն հավանել կամ ինձնից ավելի արժանիներն են եղել: Դերասանի կյանքն է այդպես. խեղճ Դիկապրիոյին ինչքան տարան-բերեցին, մինչեւ մի բան տվեցին»,-կատակեց դերասանը:

Համազգային թատրոնի տնօրենը նաեւ ցանկացավ շեշտել, որ անցած երկու տարիների ընթացքում թատրոնն իսկապես վիթխարի գործ է արել: «Գիտեք՝ բազմաթիվ ներկայացումներ բեմադրեցինք, բայց այդ քանակի մեջ որակը չկորցրեցինք, որովհետեւ ուժերը կարողացանք ճիշտ բաժանել: Մեր արածն այսօր գնահատվեց, գլուխ գովել չլինի, բայց դա այդպես է»,-ասաց նա:

Նավասարդյանը նաեւ շեշտեց, որ «Համազագայինում կային դերասաններ, որոնք իր կարծիքով արժանի էին ու պիտի ստանային մրցնականեր. «Գտնում եմ, որ մրցանակի էին արժանի էին նաեւ մեր Ստեփանը Ղամբարյան, Արմինեն»:

Բուռն ստեղծագործական գործունեություն ծավալող ու բազմաթիվ մրցանակների արժանացած այս թատրոնը սակայն դեռեւս չունի իր շենքը եւ շարունակում է հանդիսատեսին ներկայանալ Թատերական ինստիտուտի առաջին հարկում: Նոր շենքն արդեն կանգուն է, արտաքին տեսքը գրեթե պատրաստ, բայց ներքին հարդարման աշխատանքները համավարկով պայմանավորված սահմանափակումներից հետո դեռ չեն վեսկսվում:

«Դարձել եմ Սոս Պետրոսյանը, ամեն անգամ ասում եմ՝ այս տարի (կրկեսի գեղարվեստական ղեկավարին նկատի ունի-խմբ.), Ժիրայր Դադասյանն էլ Մնջախաղի թատրոնի հետ կապված է ասում, բայց դե դադասյանենք 90-ականներից են ասում, ու դեռ շենք չունեն»,-կես կատակ ասաց Նավասարդյանը:

Սեպտեմբերին «Համազգային» թատրոնի 30-ամյակն է: Տնօրենը հույս ունի, որ եթե ոչ սեպտեմբերին, ապա այս տարվա ընթացքում կհասցնեն 30-ամյակը նոր շենքում տոնել:

«30-ամյակն էլ մի կլոր տարի է, էլի, հուսամ կհասցնենք: Թեթեւ թղթաբանական հարցեր կան, դրանք են կարգավորվում, որպեսզի վերսկսենք աշխատանքները: Հանդիպումներ ենք ունեցել կառուցապատող ընկերության եւ պատկան մարմինների հետ: Կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի: Առավելագույնը երեւի թե մի քանի ամիս պահանջվի վերջանական պատրաստի թատրոնի շենք ունենալու համար»,-ասաց թատրոնի տնօրենը՝ չցանկանալով շատ հարցեր մանրամասնել:

Հիշեցնենք՝ Սոս Սարգսյանի համազգային թատրոնին պետությունն անժամկետ տարածք է տրամադրել Երեւանի «Անրի Վերնոյ» փողոցում: Շինությունը կառուցվում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հարեւանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում: Երրորդ հանրապետությունում սա առաջին թատրոնի շենքն է, որը հիմքից է կառուցվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ