![]()
Հայաստանի ու Արցախի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի նկատմամբ մի շարք եվրոպական պետությունների վերաբերմունքը փոխվել է: Այս մասին գրում է Infoteka24-ը: Ֆրանսիան իր դիրքորոշումը բացահայտ կերպով արտահայտել է ագրեսիայի արդեն իսկ առաջին օրերին: Գերմանիան, ի դեմս իր դեսպանի, հրաժարվել է այցելել Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ: Այս ամենի հետևանքով Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է վերանայել Եվրոպայի հետ իր հարաբերությունները:
Մասնավորապես, Միլի Մեջլիսի պատգամավոր, ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի անդամ Ռասիմ Մուսաբեկովը ֆեյսբուքյան իր էջում բավական ոչ դիվանագիտական գրառում է արել` եվրոպական երկրների մասին խոսելով արհամարհական տոնով:
«Գերմանացիները, խորհրդարանում և ԶԼՄ-ներում Ադրբեջանին «վրա տակով», «ազատագրված» տարածքներ այցից հրաժարվելով, ցույց են տալիս Փարիզի հետ իրենց համերաշխությունը: Իրենք, իհարկե, այդքան գիտակից էին, որ ֆրանսիական խորհրդարանին հետևելով՝ «Արցախի ճանաչման» մասին բանաձևեր չընդունեցին, ինչպես արեցին Նիդերլանդները, Բելգիան ու Լյուքսեմբուրգը: Ահա և նրանք իրենց եվրոպականությունն այսքան մանրորեն են արտահայտում»,- գրել է նա:
Վերջինս նշել է, թե ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի, Ադրբեջանը «գումարային մուրալու» կարիք չի զգում, կարող է դեն նետել եվրոպական գործընկերությունը:
Պատգամավորը վստահ է, որ իրենց պետք չէ եվրոպական այդ երկրների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի աջակցությունը, իրենց բավարար է Մեծ Բրիտանիայի ու Իտալիայի հետ համագործակցությունը, քանի որ վերջիններս «քիթն ամենուր չեն խոթում»:
«Մենք մեր նավթը վաճառում ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գնել: Ֆրանսիայից, Գերմանիայից ներմուծվող տեխնիկայի, մեքենաների ու սարքավորումների մեջ չկա մի բան, որ չկարողանանք ձեռք բերել Իտալիայից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ու Սինգապուրից»,- նշել է նա՝ շեշտելով, որ Ադրբեջանին ոչ բարեկամ որոշ երկրներ շուտով կհասկանան, որ իրենց նկատմամբ այս «ծակոցները» անիմաստ են և շրջվելու են հենց իրենց դեմ:
![]()