![]()
Լրագրող Նարեկ Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հայաստանի հանրային Հ/Ը «Լուրեր»-ի կայքը սկսել է ադրբեջաներեն թողարկվել, ինչը մեծ քննադատությունների առիթ է դարձել: Այս քննադատություններն ինձ համար բնական են՝ վերջին զարգացումների եւ բազմակարծության անհրաժեշտության ֆոնին:
Սակայն, ես կարծում եմ, որ մեր Հանրայինը տարբեր լեզուներով (ոչ միայն ադրբեջաներենով) քարոզչություն իրականացնելու քաղաքականությունը շատ է ուշացրել (անկախությունից ի վեր) ու աշխարհից մի քանի տասնյամյակ հետ է այս առումով:
Տարածաշրջանում պետական միջոցներից սնվող գրեթե բոլոր մեդիառեսուրսներն ունեն հարեւան երկրների պետական լեզվով (նաեւ հայերենով) ինչ-որ չափի բովանդակության արտադրություն: Օրինակ՝ Վրաստանի Առաջին ալիքը, Թուրքիայի Ռադիո եւ Հեռուստատեսության ազգային ընկերությունը, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից ֆինասավորվող CBC az-ը եւ այլն:
Պետությունները իրենց միջոցներից նման ծրագրերը ֆինանսավորում են ոչ թե եղբայրական սիրուց դրդված, այլ սրա միակ նպատակը քարոզչությունն է՝ հարեւան երկրի ժողովրդին իրենց իսկ հասկանալի լեզվով քարոզչության ենթարկելը:
Օրինակ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից 100 տոկոսով ֆինասավորվող CBC az-ը, որն աշխարհում հեռարձակվում է նաեւ հայերենով, իր համար ռազմավարություն է ընտրել ամեն օր հեռարձակել հաղորդումներ Հայաստանի տնտեսական վիճակի, ներքաղաքական իրավիճակի, Արցախյան խնդրի եւ այլ իրադարձությունների մասին, որոնք բնականաբար ներկայացվում են խիստ բացասական. մի խոսքով՝ հակահայկական գործունեություն է ծավալում:
Այս լրատվամիջոցի միջազգային եթերը երկու ամիս է հեռարձակում է տեսանյութ, թե ինչպես են Հայաստանում մի քանի քաղաքացիներ հայտարարում, որ Արցախն ադրբեջանական տարածք է: Այդ տեսանյութն նույնիսկ երկու ամիս է՝ ինչ դրված է CBC-ի գլխավոր էջում:
Մենք, բնականաբար, գիտենք, թե զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները կամ զինվորական ծառայության մեկնողների հարազատներն այս խոսքերն ինչ հոգեբանական վիճակում են դա ասել եւ նրանց չենք մեղադրում, բայց թշնամին սա իր համար դարձրել է քարոզչության փայլուն միջոց:
Հույս ունենանք, որ Հանրայինի ադրբեջանական բաժինը լուրջ գործ կանի, ոչ թե շարքային լուրեր կթարգմանի ադրբեջաներենով և վերջ:
Մեկ էլ, էս աղմուկը անհասկանալի է «Հանրային ռադիո»-ի՝ արդեն իսկ գրծող ադրբեջանական ծառայության ֆոնին, քանի որ դա, երբ բացվեց, ոչ մեկի պետքը չէր, գոնե մեծ աղմուկ չբարձրացավ:
Հ.Գ. Իսկ եթե Հ1-ին քննադատելու խնդիր ունեք, պարզեք թե ի՞նչ եղան ՊՎԾ ստուգումները, հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկի զանգը խանգարեց, որ բացահայտումները հրապարակվեն ))))
![]()