Մոտ 600 բուժաշխատողներ և ռիսկի խմբի քաղաքացիներ պատվաստվել են, գործընթացը գնում է առաջ

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի մինչև 300 դեպք ունենք, բայց դրանք ենթակա են ուսումնասիրության:

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին:

«Որպեսզի անվանումը դնենք կրկնավարակ, պետք է որոշակի չափանիշների համապատասխանի: Մեր մասնագիտական խումբը ուսումնասիրություններ է արել, շուտով կհրապարակենք այն և կտեսնեք, թե այդ կրկնակի դրական թեստավորման արդյունքները ինչ են ցույց տալիս»:

Անդրադառնալով պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին՝ Ավանեսյանն ասաց, որ ամբողջ աշխարհում պատվաստանյութ ձեռք բերելու և քաղաքացիներին պատվաստելու մրցավազք է: «Հայաստանը ևս ամբողջ ուժով լծված է և՛ երկկողմանի, և՛ միջազգային հարթակներում պատվաստանյութերի ձեռք բերման գործընթացը ապահովելուն»:

Նախարարն ասաց, որ Կառավարությունն այս պահին բավական ֆինանսական միջոցներ է հատկացրել՝ պատվաստանյութի ձեռք բերման գործընթացը ապահովելու համար: «Ներկայումս մենք «Կովաքս» հարթակի միջոցով արդեն ունենք նախնական պայմանավորվածություն և կնքած պայմանագիր, որի շրջանակներում պիտի ունենանք պատվաստանյութ»:

Նա նաև հիշեցրեց, որ ունեն պայմանավորվածություններ ՌԴ-ի հետ և ակնկալում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծում: «Պիտի ամբողջ թափով պատվաստումները անցկացնենք: Այս պահին իրականացնում ենք միայն ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ առայժմ պատվաստվել է մոտ 600 մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ