![]()
Պատերազմի ավարտից հետո «Առաջին լրատվական»-ը գրեց, որ պատերազմի սկսման երրորդ օրը ռուսական «Օրսիս» ընկերությունից ՀՀ ՊՆ-ին առաջարկել են
առանց սահմանափակման ու առանց վճարի ցանկացած տեսակի զենք՝ փամփուշտից մինչև ծանր տեխնիկա գնալ ու վերցնել, որից հետո 2021թվականին հինգ տարվա
կտրվածքով կմշակվի վճարման ժամանակացույց, սակայն մեր ՊՆ-ից դրան ժամանակին պատշաճ չէին արձագանքել: Մեր հրապարակումից հետո անգամ քրեական գործ էր հարուցվել, քննություն էր գնում:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ին փաստաթղթեր է տրամադրել, որոնցից պարզ է դառնում, որ ի պատասխան «Օրսիս»-ի առաջարկի՝ միայն հոկտեմբերի 24-ին է ՀՀ ՊՆ-ն զենքի գնման թույլտվություն տրամադրել: Կազմվել է 33 անուն զենքի գնման ցուցակ, որպեսզի տրամադրվի կողմին, սակայն դա, ըստ օդում կախված լուրերի, առաջացրել էր Դավիթ Գալստյանի դժգոհությունը, քանի որ ՀՀ զենքի միակ մատակարարը, ներմուծողը ինքն է: Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դրանից հետո ՀՀ ՊՆ-ից կանչում են «Օրսիս»-ի հայաստանյան ներկայացուցչին, հետ են վերցնում 33 անուն զենքի գնման ցուցակը և տրամադրում են նոր ցանկ՝ ընդամենը երկու անուն զենքից կազմված:
«Բայց սրանով էլ ամեն ինչ չի ավարտվում: Երբ որ այդ երկու անուն զենքի գնման ցուցակը ուղարկվել է Բուլղարիա, որտեղ «Օրսիս»-ի մեծ պահեստներն են, պարզվել է, որ այդտեղ մեկ այլ ցուցակ կա արդեն՝ տասը անուն զենքից կազմված, որը, ըստ էության, տարել էր Պատրոն Դավիթը: Այսինքն՝ թղթերի մեջ էլ, մեղմ ասած, կեղծիքներ կան: Ռուսական կողմի առաջարկին ՀՀ ՊՆ-ն արձագանքել է երկու տարբեր նամակներով՝ մեկով ցանկանալով 33 անուն ռազմամթերք, մյուսով՝ ընդամենը երկու: Մնում է հասկանալ՝ այդ կեղծիքը ով է կատարել և ինչու»,-ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ մեծ հարց է նաև, թե հայկական կողմը զենքի արտոնյալ ձեռք բերման առաջարկին ինչու է արձագանքել պատերազմը սկսվելուց մեկ ամիս անց: «Մի բան հստակ է, որ մեր ներքին թշնամու պատճառով Հայաստանը մնացել է առանց զենքի: Ուրիշ պատճառ չկա»,- ասաց փաստաբանը:
Մեր հարցին՝ այս ամենում ինքը տեսնո՞ւմ է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մեղքը, Սիրունյանը պատասխանեց. «Շատ վատ է, որ իր մեղքը կարող է չլինել, որ ով պատահի, նման կարգի լուրջ հաստատությունում ինչ ուզի ստորագրի: Դրա հետևանքներին մենք ականատես եղանք նոյեմբերի 10-ին»:
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական
![]()