![]()
Գյումրիում տեղի է ունեցել բժիշկների հայ-ֆրանսիական համատեղ կոնֆերանս, որին մասնակցել են օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտի առաջատար մասնագետները։
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այն նորագույն մեթոդները, որոնց ներդրմամբ հնարավոր է տեղում կազմակերպել պատերազմում ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների ու կամավորականների բուժումն ու վերականգնումը։
«Հոկտեմբերից սկսած, Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ մենք արդեն Հայաստան ենք ուղարկել 24 բժիշկների, նաև նորագույն բժշկական սարքավորումներ ու դեղորայք, որպեսզի մեր բժշկական խմբերը տեղում պատերազմի օրերին ինքնուրույն աշխատելու հնարավորություն ունենային։ Հիմա եկել ենք բժիշկների նոր խմբով, որ մեր գիտելիքներն ու փորձը փոխանցենք տեղի մասնագետներին»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Փարիզի համալսարանական հիվանդանոցի արտաքին կապերի վարչության տնօրեն Վաբեր Ֆլորենսը։
Ֆրանսիացի վնասվածքաբաններն ու օրթոպեդներն այցելությունների ընթացքում հետազոտել են պատերազմում ծանր վիրավորումներ ստացած հարյուրավոր զինվորների, որոնց վնասվածքները խորն են ու բարդ, երկարատև բուժում են պահանջում։ Մասնագետները լուրջ հետազոտություններ են անցկացրել հատկապես ֆոսֆորային զենքերից ստացված այրվածքներով վիրավորներին։
«Մեր խումբն առաջինն էր, որ Այրվածքաբանության կենտրոնի բժիշկների հետ միասին առաջին քայլն արեց, լուրջ փորձն արեց ապացուցողական՝ ցույց տալու, որ այս այրվածքները ուղղակի կապ ունեն ֆոսֆորի օգտագործման հետ։ Ցավոք, դժվար էր բավականին ժամանակ անց ուղղակի ապացույցներ գտնելը, բայց կան ակնհայտություններ, որոնք ապացուցելու կարիք այլևս չկա, մենք այդ ակնհայտություններն ի ցույց դրեցինք աշխարհին»,- Shantnews-ին ասել է ֆրանսահայ վիրաբույժ Լևոն Խաչատրյանը։
Հայրենիքի պաշտպանի և Գյումրիի վերականգնողական կենտրոններում իրենց բուժումն են ստանում բազմաթիվ վիրավոր զինվորներ։ Բազմաթիվ խոր բեկորային վնասվածքներ ստացած տղաների կյանքերը փրկելու համար պատերազմի թեժ օրերին նաև անդամահատումներ շատ կատարվեցին։ Բուժմանը զուգահեռ կատարվում են պրոթեզավորումներ։
«Ցավոք, երբեմն անհրաժեշտ է լինում ավելի հարմարավետ պրոթեզ պատրաստելու համար կրկնակի ամպուտացիաներ կատարել, կրկին վիրահատել հիվանդին։ Փորձը ցույց է տալիս, որ ստորին վերջույթների ավելի կատարելագործված պրոթեզներ պատրաստելն հիմա հեշտ է, քան ձեռքերինը, որոնք զարգացած պրոթեզներ չեն ու, ցավոք, ավելի էսթետիկական բնույթ են կրում»,- նշել է ֆրանսիացի օրթոպեդ-վիրաբույժ Վերոնիկ Մօլինան։
Մեկ շաբաթվա ընթացքում Գյումրիում ֆրանսիացի օրթոպեդները իրականացնելու են նաև վիրահատություններ, որոնք պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքների անդամների համար լինելու են անվճար։
![]()
![]()