Մհեր Արմենիան առաջիկա նախընտրական քարոզարշավին նաեւ կերգի

Երգիչ Մհեր Արմենիան, որը մեկ ամիս առաջ հայտարարեց կուսակցություն հիմնելու որոշման մասին, այսօր էլ տեղեկացրել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ կուսակցությունը կկոչվի «Ազգի ձայնը»:

Ապագա քաղաքական գործիչ երգիչը պատասխանել է «Հայկական ժամանակի» մի քանի հարցերին.

— Մհեր, մոտ մեկ ամիս առաջ հայտարարեցիք, որ կուսակցություն եք հիմնում: Այսօր արդեն պարզ դարձավ, որ մասնակցելու եք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Որքա՞ն հիմնադիր ունի կուսակցությունը: «Կուսակցությունների մասին օրենքը պահանջում է, որ նրանք առնվազն 100-ը պետք է լինեն:

— Մենք պատրաստվում ենք հիմնադիր համագումարին, որը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ժամը 16:00-ին՝ «Վիվալդի հոլում»: Եվ բոլոր այն հարցերը, որոնք ձեզ հետաքրքրում են, կստանաք ամսի 21-ին: Դուք թիվ եք ուզում իմանալ, ես ուզում եմ այդ թիվը ձեզ ամիս 21-ին ասել:

— Օրենքի համաձայն, 800 անդամ պիտի ունենա կուսակցությունը, որպեսզի գրանցվի: Այդքան մարդ կունենա՞ կուսակցությանը:

— Կանոնադրությամբ ինչպես կա՝ 800, 100, ինչպես սահմանված է, մենք ունենք այդ քանակի մարդ: 800-ը և այդ 100-ը խնդիր չէ մեզ մոտ:

— Իսկ ինչպե՞ս եք մասնակցելու ընտրություններին՝ առանձի՞ն, թե՞ այլ ուժի հետ դաշինք կազմած:

— Այս պահին չեմ կարող ասել, մենք պատրաստվում ենք մեր կուսակցությունով ներկայանալ: Դաշինքի մասին առայժմ չեմ կարող ասել որեւէ մի բան: Օրակարգում չկա, բայց չի բացառվում նաեւ այդ:

— Նախընտրած ուժ ունե՞ք, որ կցանկանաք դաշինք կազմել այդ ուժի հետ:

— Առայժմ՝ ոչ:

— Իսկ ի՞նչ ձևաչափով եք անցկացնելու նախընտրական քարոզարշավը:

— Օրենքով սահմանված կարգով: Այն բոլոր գործիքները, որոնք մենք կարող ենք օգտագործել, օգտագործելու ենք:

— Պատրաստվո՞ւմ եք շրջել Հայաստանով:

— Միանշանակ, մենք օգտագործելու ենք բոլոր ռեսուրսները, որոնք թույլատրված են օրենքով:

— Իսկ ձեր հաղթելու շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

— Միանշանակ մենք գնում ենք դեպի հաղթանակ:

— Այսինքն՝ դուք վստահ եք, որ հաղթելու եք ընտրություններում:

— Այո:

— Հայտնի այլ մարդիկ կլինե՞ն ձեր կուսակցությունում:

— Այս պահին կան տարբեր մարդիկ, տարբեր ոլորտներից, նրանք հանրային մարդիկ են: Ես պարզապես չեմ ուզում հնչեցնել նրանց անունները: Ամսի 21-ին, երբ ներկա լինեք, դուք ինքներդ ականատես կլինեք:

— Իսկ կլինե՞ն այնպիսի դեմքեր, որոնց ներկայությունը կզարմացնի մեզ:

— Անուն չեմ տա, բայց ամեն ինչ, ինչը որ մենք անում ենք, հաճելի զարմանք է առաջացնելու շատերի մոտ:

— Մհեր, իսկ ի՞նչ ուղղվածություն եւ գաղափարախոսություն է ունենալու ձեր կուսակցությունը:

— Մենք պետականամետ, ոչ ռադիկալ, ազգային ընդդիմադիր ուժ ենք:

— Իսկ ինչպե՞ս եք համատեղելու երգչի և քաղաքական գործչի կարիերան:

— Ընդհանրապես բարդ չի լինի, որովհետև մեկը մյուսին չի խանգարում:

— Քարոզարշավի ժամանա՞կ էլ եք երգելու:

— Քարոզարշավի ժամանակ էլ հաստատ կերգեմ, առիթը բաց չեմ թողնի (ծիծաղում է): Ինձ իմ ազգը ճանաչում է որպես վաստակավոր արտիստի, որպես երգչի, և ես մեծ սիրով կնվիրեմ նրանց երգեր:

— Իսկ առհասարակ ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքական գործունեությամբ:

— Պարզապես կա ցանկություն ինչ-որ գեղեցիկ գույն մտցնել մեր այսօրվա առօրյայի մեջ և փորձել ինչ-որ ձևով պետականաշինության մեջ մասնակից լինել:

— Իսկ վաղո՞ւց կար նման ցանկություն, թե՞ նոր է առաջացել:

— Չգիտեմ՝ ինչ նկատի ունեք դուք վաղուց ասելով, ցանկությունը միշտ եղել է փորձել քաղաքականությամբ զբաղվել, սակայն վերջերս սկսեց գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքը, կոնկրետ քայլերը:

— Շատերը ձեզ կապում են «Հանրապետական» կուսակցության հետ: Այս մասով ի՞նչ կասեք:

— Ես կարող եմ հստակ ասել՝ երբևիցե կյանքում ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, չեմ անդամակցել, ունեցել եմ տարբեր առաջարկներ, բայց եթե զբաղվել քաղաքականությամբ, ապա ես նախընտրում եմ ինքս ստեղծել կուսակցություն և ներգրավվել այդտեղ ազգի նվիրյալներին:

— Այսինքն՝ դուք հերքում եք այդ խոսակցությունները:

— Միանշանակ, իհարկե:

Հ.Գ. Հիշեցնենք՝ մարտի 18-ին հայտնի դարձավ, հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հարցազրույցը ՝ Հայկական Ժամանակի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ