![]()
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների աշնանային դպրոցի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել խորացնելու իրենց գիտելիքները մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք արդիական հարցերի վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը և կենտրոնի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանը ներկայացրել են «Ատելության խոսքի բացառման ու կարծիքի արտահայտման ազատության երաշխավորման սահմանագիծը» թեման՝ անդրադառնալով խոսքի ազատության պաշտպանության և ատելության խոսքի բացառման միջև հավասարակշռության ապահովման հիմնախնդիրներին։
Այնուհետև քննարկվել են իրավահավասարության ապահովման և խտրականության դեմ պայքարի հիմնախնդիրները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հավասար վերաբերմունքի ապահովման, խտրականության դրսևորումների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության առկա մարտահրավերներին։
Աշնանային դպրոցի ամփոփման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով ծրագրի շրջանակում ձեռք բերած գիտելիքների, մասնագիտական քննարկումների և պետական տարբեր կառույցների աշխատանքին անմիջականորեն ծանոթանալու հնարավորության կարևորությունը։
Պաշտպանը նշել է, որ ծրագրի ընթացքում մասնակիցներն առիթ են ունեցել հանդիպելու տարբեր ոլորտների ներկայացուցիչների և մասնագետների հետ, ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանության գործնական խնդիրներին, ինչպես նաև քննարկելու մասնագիտական գործունեության ընթացքում առաջացող բազմաբնույթ հարցեր։
«Վստահ եմ, որ Աշնանային դպրոցի շրջանակում ստացած գիտելիքներն ու ձեռք բերած փորձը կարևոր ներդրում կունենան ձեր հետագա մասնագիտական կայացման գործում։ Մաղթում եմ, որ այստեղ ձևավորված հետաքրքրությունը մարդու իրավունքների նկատմամբ վերածվի հետևողական մասնագիտական աշխատանքի և պատասխանատու մոտեցման՝ ձեր գործունեության բոլոր փուլերում», – նշել է Անահիտ Մանասյանը։
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դպրոցի մասնակիցներին հանձնել է հավաստագրեր՝ ծրագրի դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։
![]()