![]()
Այսօր առավոտից մամուլում շրջանառվում էր այն լուրը, թե շտապ օգնության աշխատակիցները չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը։
Մասնավորապես Աննա Ավանեսյան անունով ֆեսբուքայն օգտատերը իր էջում գրառում էր կատարել, հայտարարելով, որ ոչ միայն 1-03 ծառայության աշխատակիցները իրենց աշխատավարձերը չեն ստացել, այլ նաև քննարկվում է նրանց աշխատավարձ վճարել-չվճարելու հարցը։
«1-03 ծառայությունում աշխատավարձ չենք ստացել: Առհասարակ մեր կառույցում աշխտավարձ ստանում են վերջին պլանով, ինչն անհարգալից վերաբերմունք է բժշկի հանդեպ: Ամեն օր գործ ունենք 1000 և ավելի քաղաքացիների հետ, ովքեր մեր կարիքն ունեն և պետությունը ոչ միայն չի գնահատում մեր կատարած աշխատանքն, այլ դեռ մի բան էլ քննարկման է դնում մեզ աշխատավարձ տալու հարցը …Ես հասկանում եմ , որ երկիրը վատ վիճակում է , բայց բժիշկներին դնելով հետին պլան , դուք քանդում եք երկրի հիմքը»,- մասնավորապես ասված էր նրա գրառման մեջ։
Խնդրին անդրադարձել է առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ այս տարվա փետրվար ամսվա ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով էլ աշխատակիցների աշխատավարձերի վճարումը ուշանում է։
«Հայտնում ենք` առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում: 2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են:
Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանասական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։
![]()