Հինգ խոշոր ներդրումային ծրագրեր կան Սևանի ափամերձ տարածքների համար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սևանի ափամերձ հատվածի կառույցների ապամոնտաժմանը։

Ըստ նրա՝ այս փուլում ապամոնտաժումը, քանդումը և ափից հեռացումը կատարվում է բացառապես Սևան ազգային պարկի տնօրինման տակ գտնվող հողերի վրա։ «Խոսքն առանց որևէ տեսակի իրավունքի, ներողություն ձևակերպման համար, զոռբայության արդյունքում կառուցած դղյակների, շենք-շինությունների, պարիսպների, կցակառույցների և տաղավարների մասին է։

Մոտ երեք տասնյակ այդպիսի օբյեկտներ են քանդվել և ապամոնտաժվել փետրվարից մինչ այսօր, և բոլորն առանց բացառության չունեն այնտեղ գտնվելու, կառուցապատելու, տնօրինելու մասին որևէ տեսակի իրավական փաստաթուղթ։ Դա բացառապես ապօրինի կառուցապատում և հողազավթում է։ Եվ Սևան ազգային պարկը կարող է իր տարածքները պարզապես ազատագրել ու վերադարձնել իր տնօրինման տակ, որև փոխհատուցման մասին այդ մասով խոսք լինել չի կարող»,- ասաց նա։

Հաջորդ փուլում կսկսեն ապամոնտաժել կառուցապատման կամ վարձակալության որոշ փաստաթղթեր ունեցող տնտեսվարողների և սեփականատերերի տարածքները։

«Այդ ժամանակ մենք իրենց ծանուցելու ենք նախապես և ժամանակ ենք տրամադրելու։ Եթե իրենց ձեռքով իրենց ապօրինի, ինքնակամ շենք-շինությունները չեն ապամոնտաժի, այդ դեպքում Սևան ազգային պարկն օրենքով նախատեսված կարգով սեփական միջոցներով կապամոնտաժի և դատական կարգով բռնագանձման հայց կներկայացնի դատարան՝ բռնագանձելու ծախսերը։ Երրորդ փուլով, երբ կհասնենք արդեն նիշից ներքև, բայց օրինական հիմքերով տիրապետող, այսինքն՝ պետական գրանցում ունեցող տիրապետմանը, այո, այդ ժամանակ փոխհատուցման հարց կարող է քննարկվել»,- ասաց նախարարը։

Ռոմանոս Պետրոսյանը հավելեց, որ այս պահին հինգ խոշոր ներդրումային ծրագրեր կան Սևանի ափամերձ տարածքների համար։ Այդ թվում՝ միջազգային ներդրումային ընկերություններ կան։ Այդ հինգ փաթեթների համար շուտով մրցույթ կհայտարարվի, ափերի վարձակալության և կառուցապատման իրավունքները տրվելու են բացառապես թափանցիկ մրցութային եղանակով, որպեսզի չլինի այն պատկերը, որն ունենք այսօր։

«Մեկ օրինակ բերեմ՝ ափեր ունենք, որտեղ տնօրինողները քմ դիմաց 6-8 դրամ վարձակալել են Սևան ազգային պարկից, բայց երկրորդային շուկայում այդ պայմանագրերը վերավաճառում են 15 դոլարից ավելի գնով։ 6 դրամով վարձակալել են, 8000 դրամով վաճառում են։ Այդ տարբերությունն այսուհետ ուղղվելու է պետական բյուջե և Սևան ազգային պարկի կարողությունների ընդլայմանը, գիտական բաղադրիչի զարգացմանը, Սևանի էկոհամակարգին ուղղված աշխատանքների ֆինանսավորմանը»,- հավելեց Պետրոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ