![]()
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊ ընկերությանը Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձեւով օտարելուն:
Հարցը զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ ընկերությունը նախատեսում է համայնքից ուղղակի վաճառքի ձեւով կադաստրային արժեքով ձեռք բերել Զովունի գյուղում գտնվող 3.3 հեկտար հողամասը՝ դրա դիմաց վճարելով 150 մլն 531 հազար 576 դրամ, որը մոտ է շուկայական արժեքին:
Նախարարն ասաց, որ ընկերությունը պարտավորվում է այդ տարածքում կառուցել 18 բնակելի եւ մեկ հասարակական շենք, տարածքի առնվազն 40 տոկոսը պետք է կազմեն կանաչապատ գոտիները: Թաղամասը պետք է շահագործման հանձնվի 5 տարվա ընթացքում:
Ծրագրի ներդրումային արժեքը կազմում է 11 մլրդ 898 մլն դրամ: Ներդրողը պարտավորվում է նաեւ Զովունի գյուղում իրականացնել դպրոցի, մանկապարտեզի կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած մոտավորապես 50 մլն դրամի նախահաշվային արժեքով շինարարական աշխատանքներ՝ այսպիսով իր ներդրումն ունենալով նաեւ Զովունի համայնքի սոցիալական ենթակառուցվածքների զարգացման գործում:
![]()