Մարուքյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի հետ

Հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը նախորդած իրենց հեռախոսզրույցի մանրամասները:

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։

Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։

Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։
Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է»,- ասվում է Մարուքյանի գրառման մեջ։

Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ