![]()
Օնիկ Գասպարյանի գործով միջանկյալ միջոց կիրառելու Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի որոշումն ակնհայտ ապօրինի, քաղաքական աստառ ունեցող որոշում է, եւ այստեղ անելիք ունեն գլխավոր դատախազն ու ԲԴԽ-ն:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Լուսինե Հակոբյանը: Փաստաբանն ընդգծեց՝ իր համոզմամբ՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու գործն ընդհանրապես ընդատյա չէ Վարչական դատարանին, ուստի խնդիրը հենց այստեղից է սկսվում:
«Այդ գործով պետք է քննություն իրականացներ Սահմանադրական դատարանը, եւ Սահմանադրական դատարան դիմելու սուբյեկտը Հանրապետության նախագահն է, որն այդ լիազորությունից չի օգտվել: Հիմա վարչական դատարանը ինչ է քննում, ես չեմ հասկանում»,- ասաց Հակոբյանը:
Պարզաբանելով իր այս միտքը՝ նա շեշտեց՝ Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2 մասն ասում է, որ Վարչական դատարանին ընդատյա են այն վեճերը, որոնք ընդատյա չեն Սահմանադրական դատարանին, առաջին ատյանի եւ այլ դատարաններին: Ուստի, քանի որ այս վեճը կարող էր քննվել ՍԴ-ում, Վարչական դատարանում քննվել չի կարող:
Հարցին, թե ինչո՞ւ է համարում, որ որոշումը քաղաքական աստառ ունի, փաստաբանն արձագանքեց. «Դատավորի կենսագրականն ինքնին շատ բան է ասում. 5 տարի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատած փաստաբանից երեւի դժվար էր այլ բան սպասել»:
Նա, սակայն, ընդգծեց՝ «Էս առանձին դեպքերը «հրդեհներ» են», որոնց վերաբերյալ բացատրություններ են տալիս՝ հանրային կարծիքի վրա ազդելու նպատակով.
«Բայց սրանց խորքային պրոբլեմն այն է, որ այդ մարդիկ մնացին դատական համակարգում, ու որեւէ բան չձեռնարկվեց ինչ-ինչ պատճառաբանություններով, իբր Սահմանադրությունը խոչընդոտում է, ու այդպես էլ չմատնանշվեց՝ Սահմանադրության որ հոդվածներն են ինչին խոչընդոտում: Ու այս ամենը դրա արդյունքն է, սա միակ դեպքը չԷ»,- եզրակացրեց Լուսինե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ Վարչական դատարանը որոշել է բավարարել Օնիկ Գասպարյանի փաստաբանի միջնորդությունը, որով նա խնդրել էր մինչեւ այս գործը ըստ էության քննելը՝ Գասպարյանին համարել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։
Վարչապետի աշխատակազմն էլ հայտարարեց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, մարտի 10-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է Հայաստանի վարչապետը նույն օրը տարածած հայտարարությամբ:
աղբյուրը՝ ArmTimes
![]()