Կառավարությունն առաջարկում է բարձրացնել դատարան դիմելու համար պետական տուրքի դրույքաչափը

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Պետական տուրքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Կառավարության ներակայացրած նախագծով առաջարկվում է բարձրացնել դատարան դիմելու համար պետական տուրքերի դրույքաչափը:

«Պետական տուրքի մասին օրենքը 1999 թվականից ի վեր այն պետական տուրքերի հետ կապված, որոնք մենք առաջարկում ենք փոփոխել, չափերի հետ կապված որևէ փոփոխության չի ենթարկվել, մինչդեռ սոցիալ-տնտեսական բազմաթիվ գործոններ են ՀՀ-ում այդ ընթացքում փոխվել»,-հանձնաժողովի նիստում ասաց Արդարադատության փոխնախարար, նախագծի հիմնական զեկուցող Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ սոցիալ-տնտեսական ցուցանիշները ՀՀ-ում այս տարիներին միջինում աճել են 4.1 անգամ: «Երբ մենք տեսնում ենք դատարանների վրա պետության ծախսված գումարը և հավաքագրվող տուրքերը, տեսնում ենք, որ ավելի քան 4-5 անգամ տարբերություն կա: Մասնավորապես 2018 թվականին փաստացի ծախսերը կազմել է մոտ 9 միլիարդ դրամ, իսկ այս մասով եկամուտները 1.7 միլիարդ: 2019 թվականին փաստացի իրականացված ծախսերը՝ 12 միլիարդ, իսկ եկամուտները 2 միլիարդ դրամ: Նույնը վերաբերում 2020 թվականի ցուցանիշներին»:

Դանիելյանը նաև հավելեց՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական տուրքերը այլ երկրներում ավելի բարձր են, քան Հայաստանում:

Այնուհետ փոխնախարարը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները: «Առաջին ատյանի դատարան դրամական պահաջներով 2 տոկոսով հայցագինը դարձել է 3 տոկոս, միաժամանակ սահմանվել է առավելագույն չափ՝ 25 միլիոն դրամ: Սահմանվել է նաև 15 միլիոն դրամ Վերաքննիչ դատանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, և Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Այսինքն՝ անկախ տոկոսից այս գումարները չի կարող գերազանցել: Սահմանվել է նաև պետական տուրքի նվազագույն չափ 6000 դրամ»:

Փոխնախարարի խոսքով՝արբիտրաժի վճռի կատարողական թերթի համար սահմանվել է արտոնություն: « Եթե ներկայումս արբիտրաժի վճռի կատարողական թերթ ստանալու համար գանձվելու էր գումար, այժմ չի գանձվելու և նպատակը այլընտրանքային այս համակարգի զարգացումն է: Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների գործողությունների իրավաչափությունը վիճարկելու դիմումների հետ կապված ևս պետական տուրք չի գանձվելու: Նույնը վերաբերվում է շրջակա միջավայրի հետ կապված հարցերին»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը նախագծի քննարկման ընթացքում նշեց, որ դրույքաչափերի բարձրացումը այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում տեղին չէ: «Կարծում եմ՝ այդքան էլ տեղին չէ, հատկապես պատերազմից և կորոնավիրուսից հետո այս իրավիճակում մեր երկրի ծանր սոցիալ-տնտեսական պայմանները հաշվի առնելով դրույքաչափերի բարձրացում կատարել»:

Այնուհետ նա փոխնախարարից հետաքրքրվեց՝ արդյոք դրույքաչափերի բարձացումով պետությունը ՀՀ քաղաքացուն չի՞ զրկում դատարանի մատչելիության իրավունքից:

«Այն չափերը, որ սահմանված են, իհարկե անձանց չեն զրկում դատարանի մատչելիությունից, և քաղաքացիները լիարժեք հնարավորություն են ունենալու: Այլ բան է, որ իրավունքի չարաշահման դեպքեր չեն լինի, և կարծում եմ, որ պետական տուրքը առհասարակ դատարանների հետ կապված 2 գլխավոր գործառույթ ունի. մեկը՝ դատարանի ծախսերի, առհասարակ արդարադատության ոլորտի ծախսերի ապահովումը: Երկրորդ՝ երբ պետական տուրքը անհիմն ցածր է , մեր քաղաքացիները ոչ թե ավելի պաշտպանված են, որ կարող են դատարան դիմել, այլ նաև որոշակիորեն չպաշտպանված են, որ իրենց դեմ կարող են դիմել դատարան և չհիմնավորված հայցերով»,-ի պատասխան ասաց արդարադատույան նախարարը:

Հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասաց, որ այս հարցի համար Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գլխադասային չէ: «Նախագիծը վերաբերում է քաղաքացու դատարան դիմելու իրավունքին: Հարկ ենք գտել, որ այս նախագիծը քննարկվի մեր օրակարգում»:

Նախագիծը չորեքշաբթի օրը կքննարկվի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ