![]()
Հայտնի ավիատոր Դմիտրի Աթբաշյանը, ով 1971-1987 թթ. ղեկավարել է քաղավիացիայի հայկական վարչությունը, իր անտիպ գրքում պատմում է Կապանի օդանավակայանի ստեղծման մասին:
Աթբաշյանը պատմում է, որ 1971-ի հուլիսին իր մոտ էր եկել Կոմկուսի Կապանի շրջկոմի առաջին քարտուղար Ռաֆայել Մինասյանը եւ հայտնել, որ վարչության նախկին ղեկավարությունը խոստացել էր օդային հաղորդակցություն հիմնել Երեւանի ու Կապանի միջեւ ժամանակակից օդանավերով (մինչ այդ այստեղ թռչում էին «Ան-2» օդանավերով), ինչից հետո քաղաքի բնակչությունը ոգեւորությամբ եւ անհատույց լծվել էր նոր՝ ասֆալտբետոնե թռիչքուղու կառուցման գործին: Շինարարությանը մասնակցել էր նաեւ ինքը՝ Մինասյանը: Սակայն դրա ավարտից հետո քաղավիացիայի ղեկավարությունը հրաժարվել էր ծրագրից՝ հաշվի առնելով աերոդրոմին կից տարածքի աշխարհագրական բարդ ռելիեֆը:
Սակայն Ռ. Մինասյանը շեշտում էր, որ դա բացասաբար է անդրադառնում շրջանի ղեկավարության, Կոմկուսի ու խորհրդային իշխանության վարկանիշի վրա, բացի դրանից, ըստ նրա, Երեւանի հետ կանոնավոր օդային կապի բացակայությունը խոչընդոտում է շրջանի տնտեսական զարգացմանն ու դառնում բնակչության արտագաղթի պատճառ: Հաջորդ օրը Աթբաշյանն ու Մինասյանը «Ան-2» օդանավով թռան Կապան, որտեղ, չնայած իսկապես բարդ ռելիեֆին, վարչության պետը համոզվեց, որ որոշակի լրացուցիչ պայմանների ստեղծման դեպքում հնարավոր է չվերթներ իրականացնել:
Ավելի ուշ Աթբաշյանն իր անձնակազմով Կապան ժամանեց «Իլ-14» ինքնաթիռով: Բանն այն է, որ նպատակ կար Երեւանի հետ օդային հաղորդակցությունն իրականացնել «Յակ-40» օդանավերով, որոնք իրենց թռիչքային տվյալներով նման են «Իլ-14»-ին: Այսինքն՝ պետք էր ստուգել, թե արդյոք «Յակ-40»-ը կարող է թռչել Կապան: Նախատեսվում էր 3 անգամ գնալ վայրէջքի եւ 3 դեպքում էլ տարբեր բարձրություններից (200, 100, 50 մետր) երկրորդ շրջանի (պտույտի) դուրս գալ (այսինքն՝ վայրէջք չկատարել): Եթե առաջին երկու դեպքում ամեն ինչ բարեհաջող անցավ, ապա 50 մ-ից «Իլ-14»-ը չկարողացավ երկրորդ շրջան մտնել եւ ստիպված վայրէջք կատարեց:
Այդ ընթացքում քաղաքի բնակչությունը հավաքվել էր աերոդրոմի տարածքում: «Իլ-14»-ի անձնակազմին կապանցիները ձեռքերի վրա դուրս բերեցին: Դմիտրի Աթբաշյանը հավաքվածներին խոստացավ, որ մոտ ապագայում այստեղ են գալու «Յակ-40» օդանավերը, ինչի համար, սակայն, անհրաժեշտ էր թռիչքուղում մի շարք հարմարություններ ստեղծել, ռադիոնավիգացիոն սարքավորումներ տեղադրել: Այս ամենն արդեն պատրաստ էր 1972-ի գարնանը: ԽՍՀՄ քաղավիացիայի նախարարության հետ համաձայնեցվեց դեպի Կապան թռիչքների կազմակերպման կարգը:
Դրանից հետո փորձարկող-օդաչուներն առաջին անգամ «Յակ-40»-ով թռան Կապան, որտեղ օդանավը մի քանի տասնյակ թռիչքների ընթացքում փորձարկում անցավ տարբեր պայմաններում: Այդպիսով՝ Կապանը դարձավ Հայաստանի առաջին օդանավակայաններից մեկը, որտեղ «Յակ-40»-ով կանոնավոր չվերթներ էին կատարվում: Շուտով տեղադրվեց կարգավարական ռադիոտեղորոշիչ, սարի վրա կառուցվեց հրամանատարակարգավարական կետ՝ օդերեւութաբանական եւ այլ տիպի անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Առաջին «Յակ-40»-ը վայրէջք է կատարել Կապանում (18.08.1972)
Կապանի օդանավակայանի վայրէջքի սխեման այնպես էր կազմված, որ ինքնաթիռներն իջնում էին Ողջի գետի հովիտի վրա, ապա, ամպերից դուրս գալով, ձախ շրջադարձ կատարում դեպի օդանավակայան: Դրա շնորհիվ հնարավոր եղավ իջեցնել օդերեւութաբանական մինիմումը, այսինքն՝ օդանավակայանը կարելի էր շահագործել նաեւ ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմաններում:
Օրական չվերթների թիվը շուտով հասավ 10-12-ի, իսկ այն օրերին, երբ Երեւանում ֆուտբոլային խաղ կար՝ մինչեւ 16-ի: Շահագործման ընթացքում օդանավակայանն առանց վթարների ընդունեց ու ճանապարհեց տասնյակ հազարավոր չվերթներ, այնինչ ղրղըզական Օշի հետ սա համարվում էր ԽՍՀՄ ամենաբարդ օդանավակայաններից մեկը: 1990-ից հետո օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Կապանի օդանավակայանը դադարեցրեց աշխատանքը եւ ժամանակի ընթացքում անտերության մատնվեց:
![]()