![]()
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։
– Պարոն Ալեքսանյան, պատերազմից երկու ամիս է անցել, հետպատերազմյան կրքերն էլ կարծես հանդարտվում են։ Ընդդիմությանը չհաջողվեց փողոցային պայքարում արդյունքներ գրանցել, և հիմա բոլորը կարծես կենտրոնացել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա։ Առհասարակ ի՞նչ դիտարկումներ ունեք հետպատերազմյան այս զարգացումների վերաբերյալ։
– Շատ վատ դիտարկումներ ունեմ, վատ եմ գնահատում հետպատերազմյան զարգացումները։ Հետպատերազմյան այս երկու ամսվա մեջ պետք է մի կողմ դրվեր իրար վարկաբեկելու, իրար վրա ցեխ շպրտելու պրակտիկան, ու միավորվեին, միասնական դառնային, քանի որ նոր պատերազմը շատ հավանական է։ Աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է Հարավային Կովկասում, ԱՄՆ-ն է ակտիվանում։ Այսօր մեզ միասնականություն է պետք, ու դրա համար շատ արագ պետք է կառավարության հարցը լուծել։ Պետք է որոշեն արագ՝ մնում են, գնում են արտահերթ ընտրությունների։ Եթե ընտրություններ պետք է լինեն, դրանք արագ պետք է լինեն, որ սպասվող խնդիրները լուծվեն։ Բացի դրանից, շատ անհրաժեշտ է, որ քայլեր ձեռնարկվեն բոլոր մութ հարցերը պարզաբանելու ուղղությամբ. մենք պետք է իմանանք պարտության պատճառները։ Բոլորը խոսում են դավաճանությունից, մեկը մեկին դավաճան է ասում, բայց այդպես էլ չգիտենք, թե ով է իրական դավաճանը։
– Դա ինչպե՞ս պետք է իմանանք։ Քրեական գործե՞ր պետք է հարուցվեն, խորհրդարանական հանձնաժողո՞վ պետք է ձևավորվի։ Ի՞նչ պետք է անել։
– Ես կարծում եմ, որ երկուսն էլ պետք է լինեն։ Եվ քրեական գործեր, և խորհրդարանական հանձնաժողով, քանի որ տարբեր իրավիճակներ են։ Ընդդիմությունը իշխանությանն է մեղադրում դավաճանության մեջ, իշխանությունն էլ՝ նախկիններին։ Եվ քանի որ դա չի պարզվել, կատարվածի ախտորոշումը չի տրվել, մենք չենք կարող ապագայում խնդիրներ լուծել։ Գնահատականները անպայման պետք է տրվեն, մի բան էլ դեռ ուշացել են։ Եթե կառավարության հասցեին մեղադրանքներ են հնչում, ապա կառավարությունը շատ արագ պետք է հերքի դրանք, շատ բաներ բացահայտի, թե ում, որ անհատների մեղքն է եղել։ Շատ բաներ պետք է բացահայտվեն, որպեսզի մենք կարողանանք միասնություն ապահովել։ Հակառակ դեպքում օրեցօր բարդացող խնդիրները հնարավոր չի լինի լուծել։ Ժամանակն է, որ պետության մեջ միակարծություն ձևավորվի։
– Բայց Դուք այսօրվա ընդդիմության գործողություններում տեսնո՞ւմ եք միասնականության ձգտելու տրամադրվածություն։ Հակառակը՝ օրեցօր ավելի կոշտ հայտարարություններ են հնչում, հակասահմանադրական ճանապարհով իշխանություն փոխելու կոչեր են հնչում։
– Այո, ես չեմ տեսնում այդ տրամադրվածությունը այսօրվա ընդդիմության մեջ։ Ընդդիմության մեջ կան մարդիկ, որ շահագրգռված են պետության անվտանգությամբ, բայց կան նաև մարդիկ, որոնք կուսակցական, խմբային շահեր են առաջ տանում։ Պետք է ձևավորվի երրորդ ուժ ասվածը, և այդ գործընթացը ուշանում է:
– Պարոն Ալեքսանյան, իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ընդդիմությանը չհաջողվեց հասնել իր առաջ դրած նպատակներին։
– Ընդդիմության մեջ կան տարբեր ուժեր ու տարբեր քաղաքական գործիչներ։ Հիմնականում այն գործիչներն են, այն ուժերն են, ովքեր մեղադրվում էին իշխանության կողմից։ Կան նոր ուժեր, որոնցից մեկը Արթուր Վանեցյանն է, որին ես չէի ասի, թե ամբողջությամբ նախկինների պրոյեկտի մեջ է։ Կան դեմքեր, որոնք ուղղակի եկել միացել են ընդդիմությանը, քանի որ պարզապես դժգոհ են իշխանություններից։
Ընդդիմություն կոչվածը, սակայն, միասնական չի։ Ընտրություններից հետո, գուցե մինչև ընտրությունները նրանք բաժան-բաժան կլինեն։ Իմ անձնական կարծիքով՝ նաև իրենք ճիշտ լիդեր չէին ընտրել։
Ժամանակավոր կառավարության գոյությունը արդյունավետ չէր կարող լինել։ Մեկ տարում ժամանակավոր վարչապետը, նախարարները հազիվ հասցնեին իրենց գործին ծանոթանալ։ Նրանք չէին կարող արդյունավետ գործել։ Բացի դրանից, պատերազմից հետո ժամանակավոր կառավարության հետ ոչ մեկը հաշվի չէր նստի։ Հետևաբար ժամանակավոր կառավարության գաղափարը այդքան էլ ճիշտ չէ, և ես կարծում եմ, որ շատ արագ պետք է արտահերթ ընտրություններ լինեն, ընտրվի վարչապետ, որ ամեն ինչ դրվի իր տեղը։
– Բայց ընդդիմությունը կամ այդ «16+» կոչվածը մերժում է արտահերթ ընտրությունների առաջարկը, ասում են, թե այս իշխանությունը կեղծելու է ընտրությունները։ Այս պահին արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնում միայն իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը և մի քանի նորաստեղծ ուժեր։ Հանրությունը ընտրության հնարավորություն կունենա՞ այս ցանկում։
– Արտահերթ ընտրությունները բարդ են լինելու, բայց մենք պետք է հաղթահարենք դա։ Արտահերթ ընտրություններին կերևա, թե ով ով է. ով է զուտ իշխանության համար գալիս, ով է աթոռակռիվ տալիս, և ով է իսկապես սրտացավ այս պետության անվտանգության համար։ Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրություններին կմասնակցեն նոր ուժեր։ Այսօր տեսնում ենք, թե ինչքան կուսակցություններ են բացվում։
![]()