Ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն. ոստիկանությունը կլինի նախարարության կազմում

Ոստիկանությունը՝ նախարարության համակարգում: Իրավապահ այս մարմինը մոտ երկու տասնյակ տարի անց կրկին վերադառնում է նախկին կառուցվածքին: Առաջիկա ամիսներին ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում էլ գործելու է ոստիկանությունը: Արդարադատության նախարարությունն արդեն հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան նախագծերի փաթեթը: Օրինագիծը կարող է փոխվել, սակայն առանցքը նույնն է լինելու:
Ներքին գործերի նախարարության կազմում է լինելու միանգամից մի քանի կառույց: Բացի ոստիկանությունից նախարարությունն ունենալու է քննչական դեպարտամենտ, ներառելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ոստիկանության կրթահամալիրը։

Փոփոխությունները միայն կառուցվածքային չեն, վստահեցնում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոստանում՝ քաղաքացին կզգա բարեփոխումների արդյունքը:

Ռուստամ Բադասյան /ՀՀ արդարադատության նախարար/. «Էս դեպքում ունենում ենք քաղաքական պատասխանատու՝ նախարար, ով պետք է գնահատի՝ ոստիկանության ակադեմիան ի՞նչ մասնագետներ պետք է պատրաստի, էդ մասնագետները ինչի՞ն պետք է ծանոթ լինի, ինչպես տարբեր ստորաբաժանումները պետք է համագործակցեն՝ ոստիկանության լոբբիստն ա դառնում կառավարությունում»:
Նախարարության ենթակա մարմինների ղեկավարներին ներքին գործերի նախարարի առաջարկով պաշտոնի նշանակելու և ազատելու է վարչապետը։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և ազատելու է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Նախարարը ոչ միայն զարգացման ռազմավարություն է մշակելու, այլև հաշվետու է լինելու Ազգային ժողովին:

Ռուստամ Բադասյան /ՀՀ արդարադատության նախարար/. «Ներքին գործերի նախարարը այնքան նախարար է, որքան արդարադատության կամ ֆինանսների նախարարությունը: Եվ այդ առումով ավելի նպաստավոր դաշտ է ստեղծվում: Տարբեր առաջարկներ են եղել, օրինակ, առաջարկվում էր ոստիկանապետի պաշտոնը դարձնել քաղաքական: Բայց դա լավագույն մոդելը չի, լավագույնը մոդելը տարանջատելն է»:
Ոստիկանությունը 2002 թվականից ուղիղ ենթարկվել է վարչապետին, ինչից մշտապես դժգոհել է ընդդիմությունը: Խորհրդարանական կառավարման երկրում Ազգային ժողովին ոստիկանության հաշվետու լինելն անհրաժեշտություն է,- ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: Երկու տարի առաջ նման օրենսդրական առաջարկով հանդես էր եկել նաև Լուսավորը, սակայն իշխող կուսակցությունն այն ժամանակ մերժեց առաջարկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ