ՀՀ վարչապետը, անկախ նրանից, թե ով է նա, իրավունք չունի ստորագրելու ՀՀ տարածքի փոփոխության կամ զիջման վերաբերյալ որևէ փաստաթուղթ՝ շատ պարզ պատճառաբանությամբ

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

ԶՈՒՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
—————————————————
📌Մամուլով ինտենսիվորեն տեղեկություն է շրջանառվում, որ ս.թ. հունվարի 11-ին Մոսկվայում վարչապետ Ն. Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։

📌Թե որքանո՞վ է համապատասխանում այն իրականությանը, պարզ կլինի մի քանի օրից, սակայն կարող եմ հստակ արձանագրել հետևյալը. Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը, այդ թվում և ՀՀ վարչապետը, անկախ նրանից, թե ով է նա, իրավունք չունի ստորագրելու ՀՀ տարածքի փոփոխության կամ զիջման վերաբերյալ որևէ փաստաթուղթ՝ շատ պարզ պատճառաբանությամբ.
ՀՀ սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով, իսկ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

📌Մինչև հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունելը ՀՀ Ազգային Ժողովը ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով պարտավոր է դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով, իսկ Սահմանադրական դատարանն էլ իր հերթին ՀՀ սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավոր է հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ընդունել որոշում՝ ՀՀ սահմանադրությանը դրանց համապատասխանելու մասին:

📌Վերը նշվածից բխում է, որ ՀՀ տարածքի փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ այդ մասին Կառավարությունը պետք է առաջարկի Ազգային Ժողովին, վերջինս դիմի ՀՀ սահմանադրական դատարան, վերջինս որոշի հանրաքվեի նախագծի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը, նոր միայն դրանից հետո նշանակվի հանրաքվե:

📌Բոլորի համար ակնհայտ է, որ այսպիսի իրավական գործընթաց ՀՀ-ում տեղի չի ունեցել, ուստի ՀՀ տարածքի փոփոխության մասին որևէ խոսք չի կարող լինել:
Ցանկացած այդպիսի քայլ ի սկզբանե լինելու է հակաօրինական:

📌Բացի այդ, հարկ եմ համարում արձանագրել, որ ՀՀ վարչապետը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող ստորագրել նաև որևէ խաղաղության համաձայնագիր, ինչի մասին, որ նույնպես խոսվում է տարբեր մարդկանց ու քաղաքական ուժերի կողմից:

📌ՀՀ սահմանադրության 118-րոդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում:

📌Վերը նշվածից հետևում է, որ միայն Ազգային Ժողովը կարող է խաղաղություն հաստատելու մասին որոշում ընդունել:
Տվյալ դեպքում, Ազգային Ժողովն էլ չի կարող նման որոշում ընդունել՝ շատ պարզ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես որևէ պետության հետ պատերազմի մեջ չի գտնվել, որ հիմա էլ խաղաղություն հաստատի:

📌Այդուհանդերձ, հարկ եմ համարում արձանագրել նաև հետևյալը.
ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝ որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:

📌Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

՛՛📌Միջազգային պայմանագրերի մասին՛՛ ՀՀ օրենքի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ միջազգային պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն է՝ անկախ դրա անվանումից:

📌Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ վարչապետն ունի միջազգային պայմանագիրն առանց լիազորագրի ստորագրելու իրավասություն:

📌Նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:

📌Եթե անգամ ս.թ. հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստորագրի որևէ փաստաթուղթ, որը կունենա քաղաքական կամ ռազմական բնույթ, ապա անկախ դրա անվանումից, ՛՛Միջազգային պայմանագրերի մասին՛՛ ՀՀ օրենքի 2-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով այն կունենա միջազգային պայմանագրի կարգավիճակ, հետևաբար՝ ենթակա կլինի վավերացման ՀՀ Ազգային Ժողովի կողմից:

📌Ավելի՛ն, ՀՀ Ազգային ժողովը ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կարող է ոչ միայն վավերացնել, այլև ԿԱՍԵՑՆԵԼ կամ ՉԵՂՅԱԼ հայտարարել նշված միջազգային պայմանագիրը:

📌Ավելի՛ն, ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։

📌Հ.Գ. Անկախ նրանից, թե ով է իշխանությունը և ով ընդդիմությունը, չի՛ կարելի հասարակությանը ենթարկել տեղեկատվական ահաբեկչության և տրամադրել ակնհայտ սուտ ու անիրական տեղեկություններ, իսկ իշխանությունն էլ պարտավոր է հանրությանը ներկայացնել, թե ի՞նչ օրակարգով է մեկնում Մոսկվա, և ի՞նչ փաստաթղթեր է նախատեսում ստորագրել, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ