«Մենք աշխարհի գավաթի խաղարկությունում կարող էինք 2-3 ավել մեդալ նվաճել…». Սամվել Գևորգյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում կարող էին 2-3 ավել մեդալ նվաճել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում պատասխանելով լրագրողների հեռահար հարցերին այս մասին խոսեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը: Մարզչի խոսքով` գերծանր քաշային կարգում Դավիթ Օվասափյանը հեռանկարային մարզիկ է և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևի հետ մարզումները զգալի դրական արդյունք են տվել:

«Մեր առաջին խնդիրը մարզիկների համար մարզումային զույգեր գտնելն է: Ինչպես Օվասափյանի, այնպես էլ Արթուր Ալեքսանյանի համար: Կարող եմ ասել, որ կորոնավիրուսը ևս իր ազդեցությունն է թողել հավաքականի վրա: Մի քանի հանգամանքներ հաշվի առնելով մենք աշխարհի գավաթի խաղարկությունում կարող էինք 2-3 ավել մեդալ նվաճել»,-ասաց նա:

Գևորգյանի կարծիքով`կորոնավիրուսը, պատերազմական իրավիճակի պայմաններում հավաքականը կարողացել է նորմալ մասնակցություն ունենալ աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում նվաճեց երկու մեդալ` 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը` բրոնզե մեդալակիր: Թիմային հաշվարկով ընտրանին 6-րդն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ