![]()
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն դա հնարավոր չի եղել։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բորելը հայտարարել է դեկտեմբերի 17-ին ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին ժամանելուց հետո։
«Քանի որ ինձ հետ շփվել են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախարարները, մենք փորձեցինք Եվրոպական Միություն, Հայաստան և Ադրբեջան եռակողմ շփում ունենալ։ Սակայն դա հնարավոր չեղավ, այդ պատճառով ես երկու նախարարների հետ կհանդիպեմ առանձին», – ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Բորելը նշել է, որ Ռուսաստանի օգնությամբ Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարը կանխել է հետագա մարդկային կորուստները։ Նա ընդգծել է, որ հրադադարի ռեժիմը պետք է լիովին պահպանվի։
«Սակայն անցյալ շաբաթ, մենք, ցավոք, երկու կողմերից լսեցինք հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդումներ։ Հրադադարի ռեժիմի լիակատար պահպանումը մնում է խիստ անհրաժեշտություն», – ընդգծել է նա։
«Եթե մենք կարողանանք մեր դերակատարումն ունենալ հաշտեցման, խաղաղության վերականգնման և ամրապնդման գործում՝ լրացնելով Մինսկի խմբի ջանքերը, ապա Եվրամիությունը պատրաստ է դա անել։ Եվրոպական Միությունը պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ ցանկացածի հետ, որպեսզի իր ներդրումն ունենա Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման գործումը», – ասել է Ժոզեպ Բորելը։
![]()