Երբ է կայանալու Ծառուկյանի կալանավորման գործով հաջորդ դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին սկսված Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է: Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին:

Դատական իշխանության Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստի հետաձգման պատճառը մեղադրյալ Գ. Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալն է, չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 17-ին և 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Գ. Ծառուկյանին և նրա փաստաբաններին, էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկել պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, բացի այդ, հեռախոսային կապի միջոցող հավելյալ տեղեկացրել է նիստի օրի, ժամի մասին, ինչպես նաև վայբեր ծրագրի միջոցով փոխանցել տեղեկատվությունը, որով ուղարկված տեղեկատվության ստանալը ծրագիրը հաստատել է: Սեպտեմբերի 22-ին դատարանի աշխատակազմը փաստաբանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել է այսօրվա նիստի մասին:

Այսօր 11:00-ին մեկնարկած նիստի ընթացքում դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի և պաշտպանների բացակայությամբ, սակայն դատարանը, հաշվի առնելով հարցի կարևորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել սեպտեմբերի 25-ին՝ ևս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ