![]()
Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնից այսօր անհետացել է համակարգող խորհրդի նախագահության անդամ, բելառուսական ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան:
Интерфакс-ի փոխանցմամբ՝ ականատեսները պատմել են, որ ժամը 10:05-ին Բելառուսի կերպարվեստի ազգային թանգարանի շենքի մոտից քաղաքացիական հագուստով, դիմակներով տղամարդիկ բռնի ուժով մտցրել են Կոլեսնիկովային միկրոավտոբուս, որի վրա գրված է եղել «Կապ» ու տարել անհայտ ուղղությամբ: Նշվում է, որ կնոջ հեռախոսը հասանելի է, սակայն զանգերն անպատասխան են մնում:
Համակարգող խորհրդի մամուլի քարտուղար Անտոն Ռոդնենկովը պատմել է, որ Կոլեսնիկովան քաղաքի կենտրոնում է գտնվել անձնական գործերով, ժամը 11-ից նրա հետ կապ հաստատել չի հաջողվում:
Տեղեկություններ կան, որ Կոլեսնիկովայի հետ միասին անհետացել են համակարգող խորհրդի եւս մի քանի անդամներ: Նրանց ձերբակալությունը հերքել են իրավապահ մարմինները: Մինսկի ոստիկանությունը, քննչական կոմիտեն եւ պետվերահսկողության կոմիտեն հայտնել են, որ չեն տիրապետում Կոլեսնիկովայի ձերբակալման մասին տեղեկությունների:
Բելառուսում արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի եւ նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույցերը չեն դադարում: Երեկ էլ շուրջ հարյուր հազար մարդ մայրաքաղաք Մինսկում կրկին բողոքի երթ է իրականացրել, որը հերթական անգամ ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, ոստիկանները կրկին արցունքաբեր գազ եւ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ: Ցույցեր են եղել այլ քաղաքներում եւս:
![]()