«Արցախն ակնհայտ հզորանում է, արցախցին շենացնում է իր տունը». Սասուն Միքայելյանի ուղերձը

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հեղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

«Սիրելի՛ արցախահայություն, ՀՀ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության կարեւորագույն տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: Անկախությունն ու ազատությունը հեշտ չի տրվում. Արցախն էլ այսօր ազատ ու անկախ պետություն է նվիրյալ հայորդիների, համայն հայության միասնության շնորհիվ: Մենք փառքով ենք անցել Արցախի անկախության համար պայքարի ճանապարհը:

Փա՛ռք Արցախի ազատագրման համար նահատակված հայորդիներին,

Փա՛ռք արցախահայությանը,

Փա՛ռք Երկրապահին, հերոս մայրերին,

Փա՛ռք մեր բանակին, բոլոր զինվորներին, ովքեր ամեն օր հայրենիք են պաշտպանում,

Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. «Անկախությունը քննարկվող արժեք չէ», եւ իսկապես անկախությունը չեն քննարկում, անկախությունը պահում են, պետությունը հզորացնում: Արցախը ակնհայտ հզորանում է, արցախցին շենացնում է իր տունը: Երկրապահն էլ հպարտ է Հայաստան եւ Արցախ պետություններով, նորանոր ձեռքբերումներով, հաջողություններով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ:

Կեցցե՛ ազատ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ մեր միասնությունը, որի շնորհիվ կերտում ենք մեր բարեկեցիկ ապագան»,-նշվում է Սասուն Միքայելյանի ուղերձում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ