«Ծանր հետևանքն այն է, երբ ամուսինը կնոջը ուրիշի հետ է բռնացնում՝ կախվում է, երբ… ». Ալեքսանդր Սիրունյան

ՀՀ գլխավոր դատախազությունն օրերս հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության իրականացումը վերապահված է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս նոր ձևավորման փուլում գտնվող համապատասխան ստորաբաժանման:Գլխավոր դատախազը հանձնարարել է սեպտեմբերի առաջին օրերին ներկայացնել 2020թ. ընթացքում վարույթում քննված կամ քննվող այն քրեական գործերի մասին տվյալները, որոնցով առկա են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված հայց հարուցելու հիմքեր:

Armdaily.am-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ դատախազությունն առաջիկայում սկսելու է անիմաստ հայցերով մտնել դատարան, որպեսզի պետության գաղափարախոսության հետ համահունչ գործի։

«Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, Սահմանադրությունն ասում է՝ անձի վիճակը վատթարացնող օրենք ընդունվել չի կարող, իսկ ընդունված օրենքը գործել չի կարող։ Օրենքի հիմքում առողջ գաղափար է ընկած, այս հարցի հետ կապած բոլորն են համակարծիք, վերջին 25 տարին խոսվում է դրա մասին, սակայն այս ճանապարհով այդ գույքը հետ բերել չի լինի, քանի որ նախկինում չի եղել օրենք այն մասին, որ անձը պարտավոր էր այն ժամանակ բացատրել, թե այս կամ այն գույքը կամ գումարն իրեն որտեղից։ Հիմա պետությունն ասում է բացատրեք՝ որտեղից։ Անձը հանգիստ կարող է ասել՝ չեմ բացատրի, կամ կարող է բացատրել, որ 1982 թ-ին գողություն է կատարել Մինսկում՝ ի՞նչ եք անելու։ Անձի գույքային իրավունքների հետ կապված այս օրենքը նախկինում չի եղել, ուստի հիմա ընդունված օրենքը չի աշխատելու։ Եթե ես ենթադրյալ օլիգարխն եմ, դուք էլ ասում եք, որ իմ գույքն ապօրինի է՝ ես կարող եմ չհամաձայնել։ Ապօրինի նշանակում է օրենքից դուրս, նախ ինձ պետք է բացատրեք, թե ինչու է օրենքից դուրս, եթե ես չեմ կարող բացատրել, թե որտեղից, ապա այն ապօրինի՞ է, ասենք ողորմածիկ աներս է թողել էդ փողը, հետո՞։ ԱԺ-ի նախագահ ենք ունեցել չէ, որ նախկինում դատված է եղել ԽՍՀՄ տարիներին կարբյուտոր էր սարքում Մինսկում։ Եթե նա բացատրի, որ այդ փողը բերել է Մինսկից՝ ի՞նչ ենք անելու»։

Անդրադառնալով պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, փողերի լվացման հոդվածներով հարուցված գործերի շրջանակում ենթադրյալ ապօրինի գույքին՝ նա նշեց, որ դրանք բռնագանձել հնարավոր չէ։ «Եթե մենք մարդու արարքը որակում ենք հանցագործություն, ապա Սահմանադրությունն ասում է, որ քանի դեռ դու այդ գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չունես՝ ֆանտազիաների մեջ մի ընկի՝ ոչինչ չես կարող անել։ Եթե անձը հանցագործություն է արել ու այդ ճանապարհով գույք ձեռք բերել, ապա պետք է դատավճիռ լինի»։

Փաստաբանն ասաց նաև, որ նշված հանցատեսակները սահմանող և պատիժ նախատեսող քրեական հոդվածներում բացակայում է որոշակիությունը։
Նա տեղեկացրեց, որ դրանց որոշակիացման հետ կապված իրենք դիմել են ՄԻՊ-ին՝ որպեսզի այդ հոդվածները որոշակիացման համար վերջինս դիմի ՍԴ։

«Հիմա մեր դատախազները, ոստիկանները լավ են զգում գործերի հարուցման համար, սակայն պատճառներից մեկն էլ, որ ոչ մի գործ դեռ չի հասել դատարան՝ հենց այն է, որ այդ հոդվածները զուրկ են որոշակիությունից։ Եթե անգամ դրանք հասնեն դատարան՝ այնպես չէ, որ լավ է լինելու։ Եթե դատախազական ոճով գրում են, որ համայնքի ղեկավարը կատարել է այս գործողությունները, որոնք համայնքին պատճառել է էական վնաս, դեռ պետք է հասկանալ, այդ վնասը էակա՞ն է, թե ուղղակի սովորական վնաս։ Ծանր հետևանքն այն է, երբ ամուսինը կնոջը ուրիշի հետ է բռնացնում՝ գնում՝ կախվում է, իսկ երբ համայնքի ղեկավարը 30 մլն դրամ է հափշտակում՝ դա վատ հետևանք է, բայց ծանր չի։ Սենց բառախաղով մարդկանց դատելո՞ւ ենք, չի կարելի չէ»։

աղբյուրը՝ ArmDayli

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ