Ընդդիմությունը լքեց դահլիճը. վարչապետը պարբերաբար կրկնում էր Կտրիճ Ներսիսյանի անունը

 

Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին չի դիմում «պարոն վարչապետ»-ով, այլ անուն-ազգանունով, բայց դժգոհում է, երբ Գարեգին Բ-ին դիմում են ավազանի անունով՝ «Կտրիճ Ներսիսյան»-ով:

ԱԺ նիստում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը՝ հարցնելով․

«Ինչո՞ւ ընդդիմությունը չի սրտնեղում, երբ Կտրիճ Ներսիսյանին դուք դիմում եք՝ նրան անվանելով «ՀԱԵ փաստացի պետ»»։

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասաց.

«ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է: Ով ինչից ուզում է կարող է նեղվել, բացարձակ խնդիր չունեմ: Հիմա «Կտրիճ Ներսիսյան»-ից նեղվում են, ես էլ չեմ ուզում՝ ընդդիմությունը շատ նեղվի, քիչ եմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան»։ Հակառակ դեպքում ամեն երկրորդ նախադասության մեջ կարող եմ ասել «Կտրիճ Ներսիսյան»։ Պառակտված է ընդդիմությունը, դրա համար հնարավորինս քիչ եմ ասում «Կտրիճ Ներսիսյան»։ Եվ սա ժեստ է ընդդիմության հասցեին, հակառակ դեպքում ավելի շատ կասեի՝ Կտրիճ Ներսիսյան»:

Նշենք, որ ամեն անգամ, երբ վարչապետը Գարեգին Բ-ին անվանում էր Կտրիճ Ներսիսյան, ընդդիմադիրները որպես բողոքի ակցիա ձեռքով հարվածում էին սեղանին, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր Գարեգին Բ-ին դիմել ավազանի անունով, ընդդիմադիր պատգամավորները որոշեցին լքել դահլիճը:

Նիկոլ Փաշինյանն ընդդիմության ակցիայից հետո ասաց.

«Եթե շատ անկեղծ ասեմ, մեր մեծագույն ցանկությունն է, որ մենք լիարժեք և լիաթոք «Ամենայն հայոց կաթողիկոս» ասելու առիթ ունենանք, մենք այլ նպատակ չունենք, քան այն, որ խնդիրը լիարժեք կերպով լուծվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ