![]()
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է 12 եւ ավելի տոննա զանգվածով ավտոտրանսպորտային միջոցների համար սահմանել ճանապարհի վճար՝ 1 կիլոմետրի դիմաց մինչեւ 50 դրամ: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին համապատասխան նախագիծը նախարարությունն այսօր քննարկման է ներկայացրել:
Նախագծով սահմանվում է, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելն անվճար է, բացառությամբ 12 եւ ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների եւ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերի:
ՀՀ տարածքում գրանցված, ինչպես նաեւ չգրանցված 12 եւ ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները վճարում են ճանապարհային վճար:
Նախագծով՝ ճանապարհային վճարը վճարվում է միջպետական հաղորդակցության դեպքում՝ մինչեւ ՀՀ սահման հասնելը ճանապարհային վճարի գանձման համակարգի միջոցով, իսկ ներպետական հաղորդակցության դեպքում՝ մինչեւ երթուղի դուրս գալը:
Ճանապարհային վճար վճարելու եւ գանձելու առանձնահատկությունները սահմանում է ՀՀ Կառավարությունը:
Ճանապարհային վճար գանձելու համակարգը ներդնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը՝ «Գնումների մասին» օրենքի պահանջների համաձայն:
Ճանապարհային վճար գանձելու համակարգի գործունեության ապահովումը կարող է իրականացնել «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով ընտրված անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը:
Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվում է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչեւ 50 դրամը ներառյալ:
Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ Կառավարությունը:
ՀՀ-ում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվում են`
ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.
բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածք մարդասիրական եւ տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար.
ՀՀ-ում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողները`այդ փոխադրումների համար:
Միեւնույն ժամանակ փոփոխություն է կատարվելու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:
Ընդհանուր օգտագործման պետական միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելն առանց ճանապարհային վճար վճարելու՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձ հիսունապատիկի չափով: Իսկ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում առաջացնում է տուգանք՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
![]()