![]()
Աշխարհազորի ստեղծման նպատակը ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելու հասարակության պատրաստությունն է: Այդ մասին ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա կարծում է՝ Հայաստանի շուրջ ձևավորվող սպառնալիքների ու ռիսկերի, հարևանության նոր հայտարարությունների պարագայում միայն գործող Զինված ուժերի ռեսուրսները կարող է բավարար չլինեն:
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք հայկական կողմն ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է՝ Տոնոյանն ասել է, որ ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել: Իսկ թե դա բավարա՞ր է պնդելու համար, որ չենք հաղթել՝ նախարարը նշել է.
«Ես չեմ պնդողը, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք: Ես որպես պաշտպանության նախարար հաղթելու կողմնակիցն եմ»:
Նա նաև նշել է, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը պատերազմի հանգամանքները պարզելու մեծ աշխատանք է կատարել: Դիմելով լրագրողներին էլ ավելացրել է, որ երբ կլինի հանձնաժողովի զեկույցը, այդ ժամանակ հարցեր տան:
Լրագրողները հետաքրքրվել են նաև՝ ՊՆ ուսումնասիրությունից էական տարբերություն կարո՞ղ է լինել, քանի որ ապրիլյան պատերազմից հետո նախարարությունն այդպիսի փաստաթուղթ ուներ: Ի պատասխան՝ նախարարն ասել է.
«Շատ մանրամասն է եղել այդ վերլուծությունը, որը շատ հարցերի պատասխաններ տվել է: Ընդ որում՝ եղել է շատ մեծ ինքնաքննադատություն: Ես կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինի: Ուղղակի մեր ինքնաքննադատությունը որոշակիորեն կարող է հրապարակային դառնալ, որոշակիորեն՝ ոչ»:
![]()