![]()
Բելառուսում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին Ուկրաինան դադարեցնում է բոլոր կապերը Մինսկի հետ։ Այս մասին «1+1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները հետևում են հարևան երկրում իրավիճակի զարգացմանը։ Կուլեբան նշել է, որ երկրների միջև կապերը կվերականգնեն, երբ Կիևը համոզված լինի, որ դա չի հանգեցնի Ուկրաինայի համար վարկանշային, բարոյական և էթիկական կորստի։
ԱԳ նախարարը հայտնել է, որ վերջին անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ շփվել է ընտրություններից առաջ։ Ներկայում պետությունների ղեկավարների միջև շփումներ չկան և չեն ծրագրվում։
Օգոստոսի 27-ին վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Բելառուսի քաղաքացիները, ովքեր հետապնդվում են հայրենիքում, կարող են պաշտպանություն ստանալ Ուկրաինայում։
Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ չի ցանկանում Բելառուսում իրադարձությունների զարգացում, ինչպիսիք եղել են Ուկրաինայում 2014 թվականին։
![]()