22 մլն դրամ, 6 հազար դոլար, 2 մլն դրամի նվիրատվություն որդուն. ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի ունեցվածքը

Վճռաբեկ դատարանի նախագահ, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանը 2020 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդ հայտարարագրի՝ նա չունի անշարժ գույք: 2019-ի տարեսկզբում ունեցել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որը պահպանվել է նաեւ տարեվերջում:

2019-ի սկզբում Խունդկարյանի բանկային հաշիվներին եղել է 1226 եվրո եւ 837 հազար 723 դրամ, որը տարեվերջում նվազել է՝ դառնալով 60 եվրո եւ 47 հազար 161 դրամ:

Նա 2019-ի սկզբում եւ վերջում կանխիկ ունեցել է 22 մլն դրամ եւ 6 հազար դոլար: Խունդկարյանը նաեւ հայտարարագրել է 2 մլն դրամ ստացված նվիրատվություն, որը տրամադրվել է իր անչափահաս որդուն՝ Դավիթ Խունդկարյանին:

Վճռաբեկ դատարանի նախագահը 2019-ին մի քանի աղբյուրների եկամուտ է ստացել: 16 մլն 882 հազար 342 դրամ ստացել է դատարանի նախագահի աշխատավարձից, 100 հազար 217 դրամ աշխատավարձ ստացել է ԵՊՀ-ից, 146 հազար 357 հազար դրամ աշխատավարձ ստացել է Արդարադատության ակադեմիայից, ընդհանուր առմամբ 1621 եվրո ստացել է Եվրոպայի խորհրդից, սակայն, թե ինչի դիմաց, նշված չէ: Եվ, ինչպես արդեն նշեցինք, 2 մլն դրամ հայտարարագրել է որպես եկամուտ իր որդու ստացած նվիրատվությունը Անիկ Բաղդասարյանից:

Խունդկարյանի կինը՝ Ռուզաննա Գեւորգյանը, 2019-ի սկզբում կանխիկ ունեցել է 4 մլն դրամ, որը տարեվերջում պահպանվել է:

Նրա մյուս որդին՝ Հենրիկ Խունդկարյանը, կանխիկ ունեցել է 2 մլն դրամ, որը եւս պահպանվել է:

Նյութի աղբյութր՝ Հայկական Ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ