![]()
Այսօր՝ օգոստոսի 26-ին, հերթական՝ էլեկտրագնացքի և ավտոմեքենայի բախումն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասից դեպի Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են էլեկտրագնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով՝ էլեկտրագնացքը հաշվառված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաշվեկշռում, և մարդատար գնացքում եղել են Ռուսաստանից ժամանած մեծ թվով ռուս պատվիրակներ, ովքեր ծանոթանալու նպատակով էլեկտրագնացքով շրջում էին, սակայն վթարից հետո մոտ 3 ժամ նրանք սպասել են, մինչև վթարը կվերացվեր։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը։Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
![]()
![]()