Այսօրվա պայթյունի հետեւանքով անտուն մնացած 9 ընտանիքի տեղավորել են հյուրանոցում. մեկը հրաժարվել է օգնությունից

Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում քառահարկ շենքի պայթյունի հետեւանքով ընդհանուր 12 բնակարան է ավերվել: Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ 9 ընտանիքի տեղավորել են հյուրանոցում: Ընտանիքներից մեկը հրաժարվել է ժամանակավոր կացարանից, կարիքը չի ունեցել:

Կարապետյանը նաեւ հայտնեց, որ պայթյունի հետեւանքով ավերված 12 բնակարաններից մեկը դատարկ է եղել, իսկ մյուսում միայնակ քաղաքացի է ապրել, որը, ցավոք, պայթյունի զոհ է դարձել: Մահացողը փլուզված շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962 թվականին ծնված Արթուր Գեւորգի Ղազարյանն է, որի դին դուրս էր բերվել փլատակների տակից:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Զեյթուն թաղամասի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։

Հիշեցնենք, որ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի վայր էր գնացել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինս քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել էր պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։

Քաղաքապետը՝ հայտնել էր, որ մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։ Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ