![]()
Դպրոցում 10 և ավելի տոկոսով կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելու դեպքում Առողջապահության նախարարության հետ կորոշվի դպրոցի հետագա քայլերը և ռիսկային գոտում գտնվող ուսուցիչներին կառաջարկվեն հատուկ պաշտպանիչ հագուստով այցելել դպրոց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով համավարակի ընթացքում հանրակրթական հաստատությունների դասապատրաստումների միջոցառումները:
Նա հիշեցրեց, որ դասապատրաստումները կսկսվեն սեպտեմբերի 15-ից, իսկ առաջին դասարանցիների համար այն կսկսվի սեպտեմբերի 14-ից, սակայն աշակերտին դպրոց ուղեկցողների թիվը պետք է սահմանափակ լինի։
Անդրեասյանը նշեց, այս իրավիճակում գլխավոր պատասխանատուն դպրոցի տնօրենն է և պետք է նրանք կազմակերպեն սանիտարական, հակահամաճարակային միջոցառումները, սահմանափակվեն շփումները, պահպանվի սոցիալական հեռավորությունը, ինչի համար նախարարությունն արդեն ցուցումներ է տվել դպրոցներին:
«Մենք սահմանել ենք այնպիսի մոտեցում, որով ուսուցչի ծանրաբեռնվածությունն ավելին չի լինի, քան նախատեսված է իր ժամաքանակով, սա չի նշանակում, որ դասաժամերը փոխելու ենք 20-20 րոպեի, դասաժամերի տևողությունը հստակ է, որ 45 րոպե է, դասամիջոցները 5 րոպե և այս դասաբաշխումները տեղի են ունենում դպրոց գալու օրերի հերթականության միջոցով, այսինքն, եթե դասարանը կիսված է երկու խմբի, ապա առաջին խումբը գալիս է իր սահմանված օրերին, իսկ երկրորդ խումբն իր օրերին և եթե ուսուցիչը պետք է շաբաթական երկու դասաժամ ունենար, ապա այն պահպանվում է և հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես են վարձատրվելու այն ուսուցիչները, որոնք չեն կարողանալու դասի հաճախել և դասերը կանցկացնեն հեռավար միջոցով, Անդրեասյանը պատասխանեց՝ այս դեպքում ուղեցույցը սահմանում է, որ գործ ունեն գործատու-աշխատող հարաբերությունների հետ և աշխատանքային օրենսգրքի շրջանում դրան համապատասխան լուծումներ են տրվելու:
6-7 տարեկան երեխաների պարտադիր դիմակ կրելու մասով, վերջինս նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ քննարկումներ են իրականացվում և հնարավոր է այլ տարբերակներ առաջարկվեն ինչպես այս դեպքում, այնպես էլ այն համայնքների դպրոցների համար, որտեղ կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել:
Հարցին՝ եթե դիմակ կրելը պարտադիր լինի և լինեն չենթարկվողներ, ինչ պատժի միջոցներ են կիրառվելու, նախարարի տեղակալը պատասխանեց. «Դիմակների կրումն այսօր պարտադիր է և դպրոցներն այստեղ որևէ հավելյալ կարգավորում չեն նախատեսում, հետևաբար դպրոցներում դիմակի պարտադիր կրումը լինելու է այնպես, ինչպես մեր երկրի ցանկացած այլ վայրում, իսկ վերահսկողության գործառույթը տրված է տեսչական մարմիններին և կրթության ոլորտի տեսչական մարմինները այցելություններ կունենան դպրոցներ և սկզբնական փուլում այդ այցելությունները կունենան աջակցող բնույթ, այսինքն այստեղ խնդիրը որևէ մեկին պատժելը չէ, մենք բոլորս հասկանում ենք, որ գործ ունենք երեխաների հետ»:
![]()