![]()
Այսօր Քանաքեռ -Զեյթուն համայնքի Ռայնիսի փողոցի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա երկու տուժած՝ 1949 թվականին ծնված կին և 1979 թվականին ծնված տղամարդ, նրանք հոսպիտալացվել են և գտնվում են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում:
Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար կապ հաստատեցինք Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հետ։
Նրա փոխանցմամբ՝ կնոջ վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության, այս պահին պատրաստվում է վիրահատության:
«Տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրան ինկուբացրել են, հրավիրվել է այրվածքաբան, անհրաժեշտ բոլոր միջոցառումները արվում են»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Դեպքի վայրում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
![]()