![]()
Ուսումնական գործընթացն այս տարի հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին եւ ավագ) մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախելու սեպտեմբերի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ:
Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվելու է համաձայն ԿԳՄՍՆ-ի կողմից հրապարակված ուղեցույցի, որին ծանոթանալուց հետո շատերն այս օրերին սկսեցին «երանի» տալ հեռավար ուսուցմանը, քանի որ դպրոցում աշակերտները պարտադիր կրելու են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ, դասամիջոցների ընթացքում չեն լքելու դասասենյակը, իսկ դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվելու են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։ Աշակերտները դասին մասնակցելու են տեղից, նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվելու է: Նաեւ արգելվելու է գրավոր աշխատանքների համար տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվելու են թերթիկների վրա: Իսկ սովորողների գնահատումը կատարվելու է էլեկտրոնային մատյանում: Դպրոցական բուֆետներն ու ճաշարանները չեն գործելու, աշակերտների ընդմիջումը կազմակերպվելու է դասասենյակում՝ չոր սննդի տարբերակով։
Ըստ ուղեցույցի, օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ դպրոցի բուժքույրի ներգրավմամբ, դպրոցի աշխատակիցների համար կազմակերպվելու եւ իրականացվելու են դասընթացներ, որի շրջանակներում սովորեցնելու են «ձեռքերի հիգիենա, շնչառական էթիկա, անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները»։
Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք աշխատակիցների համար սկսե՞լ են դասընթացներ իրականացնել, ինչին ի պատասխան՝ տնօրենը նշեց, որ իրենց դպրոցում արդեն ստեղծել են աշխատանքները համակարգող խումբ՝ բուժական, տնտեսական ուղղությամբ, ինչպես նաեւ նշանակվել են պատասխանատուներ ուսումնական, դաստիարակչական գծով․ «Պատասխանատուներից յուրաքանչյուրն ուղեցույցում նշված նորմատիվներին համապատասխան իր մասով զբաղվելու է այդ հարցերով։ Բուժական մասով, մեր բուժքույրը մտածել է զում տարբերակով գեղեցիկ հոլովակներ պատրաստել, այդ հոլովակները ցուցադրելու ենք եւ դրան զուգահեռ ունենալու ենք 1 կամ 2 պարապմունք՝ հեռավար տարբերակով, որպեսզի ուսուցիչներն ինֆորմացվեն հիգիենայի կանոններին»։
Թե որքանով է հնարավոր 4-5 ժամ շարունակ աշակերտին՝ դիմակը դեմքին, դասասենյակում պահել՝ չթողնելով դուրս գալ ընդմիջումների, ապա․ «Ես իրապես դեմ եմ դիմակներին եւ ինքս չեմ կարողանում դիմակ կրել, մեծ դժվարությամբ եմ կրում։ Կարելի է դիմակները փոխարինել դիմավահաններով, բայց չգիտեմ՝ այդ դիմավահանները որքանով են ապահով, որքանով՝ չէ։ Բուժքրոջ հետ պետք է համաձայնեցնենք այդ ամեն ինչը, եթե դիմավահաններն ավելի լավ տարբերակ են, կարծում եմ՝ կօգտվենք այդ տարբերակից»։ Հարցին՝ դիմավահաններն ավելի թանկ չե՞ն, քան դիմակները, տնօրենը հաստատում է՝ թանկ են, եւ այդ առումով չի պատկերացնում, թե ինչպես պետք է արվի հետագայում․ «Մենք գնումն արդեն կատարել ենք՝ մեկ շաբաթվա կտրվածքով, այն ամենը, ինչ ուղեցույցում տրված է։ Հետո ինչ կլինի՝ չեմ պատկերացնում»։
Ինչպե՞ս կանդրադառնա ուսումնական պրոցեսի արդյունավետության վրա այն հանգամանքը, որ աշակերտները գրատախտակի մոտ չեն գնալու, արգելվելու է տետրեր օգտագործելը։ Սիմոնյանը կարծում է, որ ամեն ինչ կախված է ուսուցչի մասնագիտական ճկունությունից։ «Եթե ուսուցիչը մի քիչ ճկուն եղավ, գիտելիք հաստատ կհաղորդի ցանկացած պայմանում։ Անտառում նստած էլ, եթե ուզենաս որեւէ գիտելիք հաղորդել երեխային, հաստատ կկարողանաս հաղորդել,- ասում է նա ու նկատում, որ խնդիրը միայն կազմակերպչական մասով է։- Ուսուցչի կարողությունները, հմտությունները պետք է խոսեն, եւ, վերջին հաշվով, կա համացանց, որտեղ կարելի է վիդեո-հոլովակներ տեղադրել, հետաքրքիր դասեր»։
Այն, որ այս օրերին հանրակրթական ուղեցույցն անվանակոչել են հանրակրթական արշիպելագ Գուլագ, տնօրենն այնքան էլ համաձայն չէ այս բնորոշմանը․ «Եթե նույն կարգապահական կանոնները ժպիտով կիրառես՝ բացատրելով, կարծում եմ՝ ոչ մի խնդիր էլ չի լինի»։ Նա նշում է, որ իրենց դպրոցն ընտրել է առաջին հերթը՝ 6-օրյա գրաֆիկով․ «Մեր դասարանների քանակը քիչ է, եւ այն դասարանները, որ 20-ից ավելի աշակերտ ունեն, մենք բաժանել ենք խմբերի, այն դասարանները, որոնք մինչեւ 20 աշակերտ ունեն, կգան նորմալ առաջին հերթով, նորմալ դասացուցակով»։
Սիմոնյանը նկատում է, որ փոքր դպրոցների դեպքում ավելի հեշտ է, ինչպես, օրինակ, իրենց դպրոցի պարագայում, որտեղ աշակերտների թիվը 189 է։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մինչեւ 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նվազագույնը 54 քմ մակերես ունեցող դասասենյակներում, տնօրեն Սիմոնյանն ասում է, որ այդ նպատակով ուսումնասիրել է դպրոցի հատակագիծը, նայել դասարանների քառակուսիները եւ փորձել դասարանները համաձայն թվաքանակի տեղավորել․ «Մեր դպրոցում ամենամեծ դասարանը 51 քառակուսի է, եւ ըստ այդ քառակուսիների՝ կարգավորումներն արել եմ։ Ունեմ նաեւ 52 քմ մակերեսով դասարան, ընդհանուր թվով՝ այդպիսի 9 դասարան, բայց ունեմ նաեւ 36, 37 քմ դասարաններ, որտեղից երեխաներին հանելու ենք եւ բերենք՝ այդ 50-51 քառակուսիների մեջ տեղավորենք։ Իմ կարծիքով, նախարարությունը հաշվի է առել 1․5 մ հեռավորությունը յուրաքանչյուր երեխայի միջեւ եւ բազմապատկելով՝ ստացել այդ քառակուսին։ Եթե կան դպրոցներ, որ չունեն, պիտի օգտագործեն այլընտրանքները՝ միջանցքները, դահլիճները, մարզադահլիճները»։
![]()