Պուտինը՝ Ռուսաստանում վառելիքի դեֆիցիտի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով քաղաքացիների համար «որոշակի անհարմարություններ են առաջացել»։ Նրա խոսքով՝ կառավարությունը լուծում է խնդիրը և իրավիճակը պահում վերահսկողության տակ, ինչի շուրջ օրերս զրուցել է վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Նախագահը հավելել է, որ հարցի կարգավորման նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծվել։ Ռուսական բենզալցակայաններում վառելիքի մատակարարման խափանումներն ու գնաճը սկսվել են մայիսի վերջին՝ նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով:

Դեռևս հունիսին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան այլ երկրներից վառելիք ներկրելու բանակցություններ է վարում: Իսկ օգոստոսի 19-ին փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հաստատել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է ներկրման գործընթացը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ