![]()
Հուլիսի 13-ի ուժեղ հեղեղի հետևանքով Գյումրիում տուժած ընտանիքներին Հայկական Կարմիր խաչը կտրամադրի դրամական և իրային աջակցություն։ Համայնքային հանձնաժողովը գնահատել և գույքագրել է մոտ 600 ընտանիքի կրած վնասները։
Բնակության հետ անհամատեղելի պայմաններում հայտնված տնակային թաղամասերում և սեփական տներում ապրող 160 ընտանիքներ մինչ այս դրամական օժանդակություն էին ստացել քաղաքի բյուջեից, որի ընդհանուր գումարը կազմել է 10 մլն դրամ։
Գյումրիի Ղարիբջանյան փողոցում ամենաշատ վնասներ կրեց Ավագյանների տունը։ Այն վայրկյանների ընթացքում հայտնվել էր ուժեղ կարկուտի ու հեղեղի տակ։ Տան առաջին հարկն ամբողջությամբ ծածկվել էր կարկուտի հաստ շերտով։
Սառցաբեկորներն ու տիղմը սենյակներից մաքրելու համար Ավագյաններից մոտ մեկ շաբաթ պահանջվեց։ Արդեն տանը մասնակի վերանորոգումներ են արել։
Հորդառատ տեղումներից մշտապես վտանգավոր գոտում է հայտնվում Գյումրիի ավտոկայանի բանավան թաղամասը։ Պետրոսյանների բազմանդամ ընտանիքի տնակը սելավաջրերի ուժեղ հոսքից քայքայվել է, իրարից առանձնացել։ Կարկուտի հաստ շերտի ծանրությունը պոկել է տնակի ծածկը։
Ջրհեղեղի հարուցած վնասներն ու հետևանքները մեկ շաբաթից ավելի աշխատանքային խումբն էր ուսումնասիրում, գնացել են հազարավոր ահազանգերի հետևից, գույքագրել են տուժած տնակների և տների վնասները։ Պետրոսյանների 10 անձից բաղկացած ընտանիքին առաջարկել են տուն սոցիալական բնակարաններից, բայց բնակմակերեսի անհամապատասխանության պատճառով հրաժարվել են ու մնացել հեղեղից վնասված տնակում։ Քաղաքապետարանից ստացած դրամական աջակցությամբ շինանյութ են գնել ու ոչ ամբողջությամբ վերանորոգել են։ Տնակում էլի կաթում է, տանիքն էլ մի կերպ են ամրացրել։
«75 հազար դրամ տվեցին, բայց իմ տան փլվածքի համեմատ էդ գումարը քիչ էր, հազիվ հասցրեցինք մի քանի հատ շիֆեր խփեցինք, մնացածը ըստեղից-ընտեղից հին ապրանքներով կսարքենք»,- պատմում է տնակի բնակիչը՝ Լարիսա Պետրոսյանը։
Բազմաթիվ դիմումների հետքերով տնակային թաղամասեր այցերի ընթացքում հանձնաժողովը, այլ դեպքեր էլ է հայտնաբերել։ Որպես ջրհեղեղից տուժած ներկայացվող տնակները պարզել են, որ նույնիսկ երկար տարիներ բնակեցված չեն եղել։ Այս մասին նշեց Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը։
«Եղել են դեպքեր, երբ անգամ կասկածի տեղիք են տվել, որ այդ տնակները բնակեցված են եղել ջրհեղեղի պահին, այսինքն՝ մենք գնացել ենք՝ հոսանք չի եղել, գազ չի եղել, դեպի տնակ գնացող էլեկտրական մալուխ ընդհանրապես գոյություն չի ունեցել, բայց տվյալ հասցեներից դիմում է եկել»,- ասաց Կարապետ Մխչյանը։
Հեղեղից ամենաշատը տուժած տնակների ու տների ամբողջական ցուցակը հանձնաժողովը տրամադրել է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։
Ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի փոխանցմամբ 600 ընտանիքի աջակցության ընդհանուր գումարը մոտ 132 միլիոն 689 հազար դրամ է։ 200 ընտանիքի նյութական կարիքները հոգալու համար օժանդակություն կտրամադրվի, իսկ 400 ընտանիք կստանան դրամական աջակցություն և անկողնային պարագաներ: Ընտանիքի մեկ անձին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կկազմի 49․700 դրամ։ Քաղաքային բյուջեից 50-ից 100 հազարական դրամ էլ հատկացվել է հեղեղից տուժած երեք ավտոմեքենաների սեփականատերերին:
![]()