«Ապրիլյան պատերազմում 21 դիրք ենք կորցրել, տարածք կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին». Բաբայան

«Տարածքներ կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին»,- Սերժ Սարգսյանին արձագանքում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ով Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Սամվել Բաբայան. — Ընդհանրապես ես և այն ժամանակ, և հիմա պնդում եմ, որ դա պատերազմ չի եղել, դա եղել է դիվերսիոն գործողություն, սա առաջինը շեշտենք, որ պարզ լինի: Երկրորդը` փաստը նա է, որ ինչքան էլ ուզում ենք ասել, որ հաղթել ենք, թե ինչ ենք արել, մենք տարածք ենք կորցրել, իսկ տարածք կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին: Այն ամբողջը, որ ներկայացնում են, որ մեր ուժերը կարողացան կանգնեցնել հակառակորդի մեծ պատերազմը, իրականության հետ չի համապատասխանում, դա ուղղակի բառախաղեր են, որ անում են ու փորձում դրանով արդարանալ: Փաստը նա է, որ այո, այդ 21 դիրքը իրոք կորցրել են, դա փաստ է, և տարածքներ ենք կորցրել: Դանով եթե կհամարեք, որ դա հաղթանակ է, թող համարեն, ովքեր այդ ձև են մտածում:

«Ազատություն». — Նախկին նախագահն ասում էր, թե կորցրած դիրքը կամ տարածքը ռազմական առումով որևէ կարևորություն չի ունեցել: Դուք ի՞նչ կարծիքի եք: Դո՞ւք էլ եք կարծում, որ այդքան էլ կարևոր չի եղել այդ, ինչպես ինքն է ասում, 800 հեկտարը կամ այդ դիրքը` Լալա Թեփեն:

Սամվել Բաբայան. — Նույն Լալա Թեփեն ամբողջ Ջաբրահիլի տարածքը հսկում է, միակ բարձունքն է, որտեղից ամբողջ տարածքը կարում ես պարզ տեսնել և խոցել բոլոր հնարավոր և անհնարինը: Եթե դա համարենք, որ ինքը որևիցե կարևորություն չունի, ապա ի՞նչն ունի կարևորություն. ուրեմն այդ մարդիկ կա՛մ բանակից շատ հեռու են, պատերազմը չեն հասկանում, կա՛մ էլ ուղղակի գիտակցում են, բայց իրենց պետք է այդպես ձևակերպել:

Սա առաջինը, երկրորդը` ինչ վերաբերում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բարձունքին, մենակ էտ բարձունքը, այդ տարածքներին ազատագրելուց, կներեք, հինգերորդ բրիգադը, որն այդ ուղղությամբ աշխատել է, մոտ 600-700 զոհ ունի տված: Ի՞նչ է` մենք այդ զոհերը տվել ենք, որ այդ դիրքերը մեզ համար կարևոր չեն, թե՞ ոնց: Ուղղակի այդ մարդիկ պատմությունը թող հետ գնան, վերհիշեն ու հասկանան, որ նման արտահայտություններ պետք չի անել:

տեսանյութը՝ Ազատություն Ռաիոկայանի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ