Հայտարարել է համաշխարհային սովի վտանգի մասին

Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլին հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով սովի վտանգ կա, որը կարող է համաշխարհային մասշտաբներ ունենալ: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար առաջիկա կես տարում կազմակերպությանը 5 մլրդ դոլար կպահանջվի:

« Բոլոր տվյալները, որոնք մեր ձեռքի տակ են, այդ թվում պարենի կարիք ունեցող մարդկանց թվի աճը, խոսում են այն մասին, որ մենք աղետի շեմին ենք: Մենք համաշխարհային մասշտաբի սովի վտանգի առջև ենք»,- ասել է Բիսլին:

Լատինական Ամերիկայում սովի մատնված բնակիչների թիվն աճել է 269 %-ով: Վիճակն, ըստ նրա, վատ է նաև Կենտրոնական և Արևելյան Ասիայում, որտեղ պարենի կարիք ունեցողների 135 %-ոց աճ է կանխատեսվում, իսկ Հարավային Աֆրիկայում՝ 90%-ով:

«Սովն աշխարհում բավական բարձր մակարդակի է հասել ։Եթե մենք անմիջապես չսկսենք գործել, ապա շատ մարդիկ կմահանան, շատ երեխաներ թերսնուցման հետևանքով դեռ երկար տարիներ կտառապեն: Անգործության գինը կարող է շատ թանկ լինել: Մենք պետք է գործենք անմիջապես ու մտածված»,- հավելել է Բիսլին:

Բիսլին ասել է, որ համավարակով պայմանավորված, պարենի համաշխարհային ծրագրի ուշադրության կենտրոնում պետք է լինեին խոցելի խմբերը, որոնք առավել շատ են տուժել սահմանափակումների հետևանքով: Ծրագիրը պարենով է ապահովելու 138 մլն բնակչի աշխարհի 83 երկրում: Իսկ դրա համար կազմակերպությանը առաջիկա 6 ամիսների ընթացքում կպահանջվի 4.9 մլրդ դոլար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ