«Կլոր Սեղան» հիմնադրամը 500 դրամ է խնդրում՝ կորոնավիրուսի հետևանքները կանխելու համար

«Կլոր Սեղան» հիմնադրամը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար քաղաքացիներից 500-ական դրամ է խնդրում։ Մի քանի օր է՝ բջջային հեռախոսահամարներին հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկում․

«Ուղարկեք CORONAVIRUS բառը 6428 համարին և նվիրաբերեք 500 դրամ վարակի սոցիալական հետևանքները հաղթահարելու ծրագրին: ԿԼՈՐ ՍԵՂԱՆ հիմնադրամ, roundtable-act.am»։
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր իրեն ուղարկված հաղորդագրությամբ և կից գրառել․ «Մեզ էլ տվեք ընդամենը մարդա 300 դրամ, սրտանց կխմենք վիրուսից զոհվածների կենդանի կենացը ու երկար տարիների կյանք կցանկանանք սաղ մնացած մեր քրերին ու ախպերներին»։

Փաստորեն, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները, որոնք ազդում են քաղաքացիների ապրելակերպի վրա, պետք է չեզոքացվեն հենց քաղաքացիների միջոցներով։

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ և Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությամբ: «Կլոր սեղան» հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին (գրասենյակը հիմնադրվել է 1997թ.) և այժմ գործում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո:

ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը էկումենիկ կազմակերպություն է, որը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով աշխատում է ակտիվորեն նպաստել աղքատության վերացման, կայուն համայնքների զարգացման, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: ՀԿՍ-ն հիմնադրման օրից լայնածավալ գործունեություն է իրականացրել ամենատարբեր ոլորտներում ` կարողությունների զարգացման, կրթության, խաղաղության և հաշտեցման, սոցիալական և մարդասիրական օգնության: Ներկայումս ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝

համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա,

կարողությունների զարգացում,

տարածաշրջանային խաղաղություն եւ հաշտեցում,

արտակարգ իրավիճակներ։

Նշենք, որ ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց կապ հաստատել «Կլոր Սեղան» հիմնադրամի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ