![]()
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում այս տարի կիրականացվեն 1 մլրդ 452 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ։ Ծրագրից օգտվելու հայտ ներկայացրել է մարզի 15 համայնք, ընդհանուրը ՝ համայնքներում կասֆալտապատվի 15 կմ ճանապարհ:Ախուրյան խոշորացված համայնքում 6 փողոց է հիմնանորոգվելու սուբվենցիոն ծրագրով:
Հարակից վեց փողոցն էլ անանցանելի վիճակում է։ Քարքարոտ, փոսերով փողոցները տասնամյակներով երթևեկելի են պահել հարթեցումներով ու խճապատումներով ,որոնց դիմացկությունը կախված է եղել տեղումներից։
Կարճ փողոցներ են, որոնց ընդհանուր հիմնանորոգման ծավալը մեկ ու կես կիլոմետր է: Նախագծով վեց փողոցներում էլ կոմունիկացիոն ցանցի նորոգումներ նախատեսված չեն։ Շինարարը հողային աշխատանքների ընթացքում ուսումնասիրել է ու վստահ ասում է, որ կոմունիկացիոն ցանցում լուրջ խնդիրներ չեն հայտնաբերել։ Աշխատում են առանց ջրագծեր, կոյուղագծեր վնասելու։
Մեկ ու կես կիլոմետր ընդհանուր երկարության 6 փողոցի հիմնանորոգումը մեծ ծրագիր է համարվում Ախուրյան խոշորացված համայնքի համար: Սուբվենցիոն հայտ ներկայացնելու հնարավորությունը խոշորացված համայնքը բաց չի թողել, կարողացել է ապահովել ծրագրում իր մասնաբաժին ֆինանսավորումը, որը կազմել է ասֆալտապատման ընդհանուր արժեքի 45 տոկոսը, մնացածը պետության սուբսիդիան է: Համաֆինանսավորման այս տարբերակը ձեռնտու է համայքներին ենթակառուցվածքների նորոգումներ իրականացնելու համար։ Ախուրյանը պատրաստվում է հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրում ևս փողոցաշինական հայտեր ներկայացնել։
Մարզի որոշ համայնքներում ծրագրերը դեռ չեն սկսվել ։ Տրանսպորտի բաժնի պետը ձգձգումները կապում է ընթացակարգային խնդիրների հետ։ Հաստատված փողոցաշինական ծրագրերի համար շինմրցույթներն ավարտված են,բայց հաղթող ճանաչված շինընկերությունների հետ պայմանագրեր դեռ չեն կնքում, քանի դեռ նախագծային փաթեթը չի ներկայացվել որակի ապահովման հաստատմանը։ Այս բոլոր դադարներն ու պայմանները հաշվի առնելով սուբվենցիոն ծրագրերի ավարտ նշանակվել է մինչև դեկտեմբերի 10-ը, սա միայն փողոցաշինությանը չի վերաբերում։
![]()
![]()
![]()
![]()
![]()