![]()
Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ գերլարված է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը։
«Մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։
Ամուլսարից կեսգիշերին կանչում են օգնության։
Տեղում ոստիկանները Լիդիանի տեխնիկան են պաշտպանում»,- ասված է ՀԲՃ-ի հաղորդագրության մեջ։
«Լիդիան Արմենիան» իր հերթին հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իրավապահ մարմիններին իրականացնել իրենց անմիջական գործառույթները:
««Լիդիան Արմենիան» տեղեկացրել էր, որ Ամուլսարի շուրջ արդեն երկու տարի ապօրինություն իրականացնող խմբավորումը շարունակում է սեփական մեքենաներն ապօրինաբար կայանել Ամուլսարի մուտքերի մոտ՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում։ Երկու տարուց ավելի իրավապահ մարմինների թողտվությունը և սեփական անպատժելիությունը վայելող այս խմբավորումն արդեն տևական ժամանակ խոչընդոտում է Ամուլսարի տարածքում աշխատող մարդկանց, այդ թվում սեփական համայնքի բնակիչների սննդի մատակարարումը, կեղտաջրերի և աղբահանության մեքենաների ազատ ելումուտը` ստեղծելով հումանիտար լուրջ խնդիր։ «Լիդիանը» ստիպված էր սեփական ուժերով ընկերության տարածքից հեռացնել ապօրինություն իրականացնողների մեքենաները` տարածքում անհրաժեշտ տարրական կենսական պայմանները, ինչպես նաև պահնորդների անխափան ելումուտն ապահովելու համար:
Իրավապահ մարմիններին, ՀՀ կառավարությանը հիշեցնում ենք, որ օրինական գործունեության բոլոր իրավունքներն ունեցող «Լիդիան Արմենիայի» Ամուլսարի ծրագրի տարածքում աշխատում են աշխատելու օրենսդրական իրավունքներ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` շրջակա համայնքների բնակիչներ։ Նրանց աշխատանքի, անվտանգության, կյանքի երաշխավորը պարտավոր է լինել ՀՀ կառավարությունը՝ հանձին իրավապահ մարմինների։ Մինչդեռ անարգել ապօրինություն իրականացնող խմբավորւմը խոչընդոտում է Ամուլսարի տարածքում աշխատող Հայաստանի օրինապաշտ քաղաքացիների կենսական կարիքների հոգալուն և սպառնալիք է դարձել այդ համայնքների բնակիչների համար։ «Լիդիանը» օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու է իր աշխատակիցների անվտանգության ապահովման համար։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց անմիջական գործառույթները և ապահովել տարածքում օրենքի վերականգնումը, այլապես համայնքում հնարավոր բախումների պատասխանատվությունը ընկնելու է իրավապահ մարմինների վրա»,- ասված է հայտարարության մեջ։
![]()
![]()