![]()
«Կարծում եմ՝ իմաստ չունի նման ասուլիսներին ու զրույցներին անդրադառնալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երրորդ նախագահի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: «Հեղափոխության ժամանակ ժողովուրդն իր կարծիքը հայտնեց, չպետք է մոռանանք, թե որն էր հեղափոխության կարգախոսը. «Մերժիր Սերժին». սա ոչ միայն անձի, այլ նաև այդ մարդու ստեղծած համակարգի մերժում էր…
Նախկին պաշտոնյանները՝ ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև Ռոբերտ Քոչարյանը և այլ պաշտոնյաներ, թեև հարցազրույցներ են տալիս, բայց չեն ցանկանում վերադառնալ քաղաքականություն, շատ լավ հասկանում են, որ մերժված են: Նրանց այդ հարցազրույցների պատճառները մի քանիսն են, բայց գլխավորն այն է, որ վաղը, երբ դատավարություններ սկսվեն 2008-ի Մարտի 1-ի, 2016-ի ապրիլի 2-ի և այլ գործերով, և դատարանները որոշում ընդունեն, որ իրենք մեղավորություն ունեն, իրենք կարողանան էֆեկտիվ պայքարել և պաշտպանվել՝ աշխարհին ասելով, որ իրենց հետապնդում են քաղաքական դիրքորոշում ունենալու համար»:
Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի ասուլիսում կար մեկ արտաքին ուղերձ՝ Ռուսաստանը ոչ մի բանում մեղավոր չէ, և մի բառ անգամ չասվեց Լավրովի պլանի մասին: «Ռուսաստանը հույսեր է կապում նախկին իշխանության առանձին բեկորների հետ: Ակնհայտ է, որ հայ ժողովրդի դեմ ինֆորմացիոն պատերազմ է գնում, հասարակության մեջ կասկածներ են մտցնում…»:
Քաղաքագետի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ասուլիսում որևէ խելամիտ միտք չհնչեց: «Նա փորձում է արդարանալ և մեղմացնել հասարակության արձագանքը, որը կհաջորդեր ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի հրապարակմանը: «Տավուշի դեպքերը մահացու հարված էին և ոչնչացնում էին նախկիններին. Փաշինյանը ցույց տվեց, որ ադեկվատ արձագանքելու դեպքում, հնարավոր է ջարդել Ադրբեջանի ախորժակը»:
![]()