![]()
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն օրենքի շրջանակներում և իրավական դաշտում, հակառակ դեպքում դա երկրի համար ծանր հետևանքներ կունենա: БЕЛТА գործակալության փոխանցմամբ՝ Լուկաշենկոն նման հայտարարություն է արել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որին տեսակապով մասնակցել են շրջանների ղեկավարները:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ եթե ինչ-որ մեկը մտածում է և ուզում է փոփոխություններ, ապա դրանք պետք է լինեն օրենքի շրջանակներում: Ցանկացած փոփոխություն պետք է ամրագրված լինի Սահմանադրությամբ: Այդ աշխատանքը շարունակվում է: Այն կակտիվացվի»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ գործող իշխանությունը վայելում է բնակչության զգալի մասի աջակցությունը:
«Մենք բոլորովին մենակ չենք: Նախօրեին երկրում հանրահավաքներ են անցկացվել՝ ի աջակցություն գործող իշխանությունների: Դրանց մասնակցել է շուրջ 100 հազար քաղաքացի… Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ եթե ինչ-որ մեկին թվում է, թե իշխանությունը գլուխ է խոնարհում, երերում է, ապա նա սխալվում է: Իշխանությունը կարող է հենվել մարդկանց վրա, այդ պատճառով էլ մենք չենք վարանի: Մենք մեր ճանապարհը կանցնենք այնպես, ինչպես պետք է»,- հավելել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Մինսկում և Բելառուսի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպվում Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի դեմ:
![]()