Մահացածներից մեկը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի մանկաբույժ է

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»:

Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, որոնցից 24766-ն` առողջացած, 678-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 16-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1718 թեստ, որից 1279-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 439 նոր դեպք և 560 առողջացած։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ