![]()
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին: Մասնավորապես, գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին:
Երբ է սպասվում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմումի ներկայացումը։
Հարցին վարչապետն ասել է՝ հարցն այսօր էլ է քննարկվել եվրոպացի գործընկերների հետ։
«Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն տեխնիկական քայլ անել, ասել, որ կոճակը սեղմում ենք և դիմումն ուղարկում։ Շատ կարևոր է, որ ամբողջ այս գործընթացն ուղեկցվի քաղաքական երկխոսությամբ հենց այս թեմայի շուրջ, և, իհարկե, մեզ հետաքրքրում է դա քննարկելը։
Բնականաբար, վերջին տարիներին մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ խորանում է, ինչը շատ լավ է։ Պիտի անկեղծ լինեմ՝ կասկած անգամ չունեմ, որ կգա ժամանակը, և այն շատ հեռու չէ»,- ասաց վարչապետը։
Հարցին, թե կոնկրետ որ տարին է թիրախավորվում, վարչապետն ասաց․
«Գիտեք՝ ես չգիտեմ՝ որքանով դա իրատեսական է, բայց հաջորդ տարին կարող է իրատեսական լինել, 2028-ը կարող է իրատեսական լինել, բայց հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման երկխոսության շուրջ, և մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029 թվականին, և դա հերթական շատ կարևոր փուլը կլինի ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացման գործընթացում։
Բայց մենք կարող ենք ասել, որ հիմա արդեն սկսել ենք գործընթաց, որը մեզ կբերի վերջնական որոշման՝ Եվրոպական միությանն անդամակցելու դիմում ներկայացնելու մասին։ Որովհետև հիմա, իսկ սա շատ կարևոր է, Հայաստանի և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնում են մեկ շատ կարևոր կետի շուրջ. ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ներկայումս այն ամենաբարձր կետում են, որը երբևէ ունեցել ենք»։
![]()