ԱԺ-ի ծեծ ու ջարդը պատահական չէր. գիտեն, որ ժողովուրդը Սահմանադրության փոփոխությանը «այո» է ասելու. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի խոսքով՝ դեռ 2019 թվականից է իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, խոսել Սահմանադրության փոփոխությունների մասին, նույնիսկ հանրաքվե է նախաձեռնել, սակայն ՔՈՎԻԴ-ը խանգարել է, իսկ ընդդիմությունը մոլորեցնում և մանիպուլյացնում է հասարակությանը:

Նրա խոսքով՝ այսօր իրենք չեն ակնկալում, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, պարզապես պետք է ենթարկվեն ժողովրդի պահանջին:

«Հանձնեք որոշումը քաղաքացուն․ եթե ժողովուրդը «ոչ» ասի սահմանադրական փոփոխություններին, ինքնակամ հրաժարական կտանք, բայց ընդդիմությունը գիտի, որ ժողովուրդը կողմ է քվեարկելու Սահմանադրության փոփոխություններին, դրա համար են հրաժարվում հանրաքվեին կողմ քվեարկելուց»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Պատգամավորի նկատառմամբ՝ անհերքելի փաստ է, որ Անկախության հռչակագիրը մեր ծննդյան վկայականն է, և որևէ մեկը չի պատրաստվում հրաժարվել դրանից, բայց Հայաստանին հարկավոր է նաև անձնագիրը, որը իշխող ուժն այսօր ցանկանում է ստանալ:

Կգնա՞ իշխանությունը արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ, Բադալյանը նկատում է. «Արտահերթ ընտրությունը քայլերից մեկն է, բայց այն լավ ելք չի ունենա ընդդիմության համար: Ժողովուրդը արդեն լավ է հասկանում, որ ահաբեկում էին ստերով»։

Իշխող ուժի անդամը դեռ չի բացահայտում, թե ինչպես են հանրային ճնշման ենթարկելու ընդդիմությանը, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, պատգամավորը միայն հորդորում է՝ չպետք է ագրեսիվ ընդունել հանրային ճնշում ասվածը:

Միաժամանակ Բադալյանը վստահեցնում է, որ կգա ժամանակը, և բոլորը կիմանան՝ ինչ են անելու:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, վերջինս ասում է. «ԱԺ-ի ծեծ ու ջարդը պատահական չէր, առավոտից զգում էինք, որ լինելու է նման բան, ինֆորմացիա ունեինք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ