![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է, որ առնվազն 10 օրով կերկարացվեն խստացված սահմանափակումները։
«Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Կա երկու նեգատիվ սահման: Դրանցից մեկը խուճապահար լինելն է, մյուսը՝ շատ հանգիստ վերաբերելն է դրան: Սկզբնական շրջանում մենք խուճապի մատնվելու ռիսկը ունեինք, որը ոնց որ թե մեզ հաջողվեց ինչ-որ կերպ կառավարել, հիմա մենք ընկնում ենք ուրիշ ծայրահեղության մեջ՝ շատ հանդարտ ենք վերաբերում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի քանի ռեպորտաժներ է դիտել, որտեղ բակերում շրջող մարդիկ ասել են, որ հանգիստ են ու կորոնավիրուսն իրենց չի հասնի:
Վարչապետը նաև խոսեց շրջանառվող վարկածի մասին, որ կորոնավիրուսով հնարավոր է վարակվեն բոլորը, բայց նշեց, որ առնվազն երկու խնդիր կա դրա հետ կապված: Նախ այն պետք է լինի մաքսիմալ կառավարելի և հիվանդների թիվը այնքան չշատանա, որ առողջապահական համակարգը կաթվածահար լինի:
«Ես խնդրում եմ բոլորին, որ իսկապես շատ լուրջ վերաբերեք: Դրական ախտորոշված քաղաքացիների մեծ մասը՝ 424 անձ, նույնիսկ ջերմութոյւն չունի, բայց մյուս կողմից շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, և նրանցից 30-ը գտնվում են ծանր վիճակում: Իրականում իրավիճակը շատ ռիսկային է, ուզում եմ կոչ անել, որ շատ լուրջ վերաբերվենք այս խնդրին: Մանավանդ, որ աշխարհի վիճակագրությունը շատ ավելի վատն է, քան մերը: Այս պահին աշխարհում վարակվածների թիվը հասնում է 801 հազարի, կանխատեսելի է ,որ անխուսափելիորեն 1 միլիոնը հատելու է: Մահերի թիվը հասնում է 38 հազարի, բուժվածների՝ 172 հազար»,- նշեց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ այս սահմանափակումները արվում են իրավիճակը կառավարելի պահելու և վերջապես կորոնավիրուսը հաղթահարելու համար: Եվ սրա հետ էր կապված օրենսդրական փոփոխությունը, որը Կառավարությունն առաջարկել էր, բայց ԱԺ-ն այսօր չընդունեց:
«Երբ որ արձանագրվում է դրական դեպք, և մենք փորձում ենք հասկանալ, թե որտեղից է վարակվել և կամ վարակված անձը ում հետ է շփվել: Եվ ասյ երկու կատեգորիայի մարդկանց մեկուսացնում ենք հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: բայց հիմա մենք ունենք իրավիճակներ, երբ այդքան էլ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել և ում հետ է շփվել»,- նշեց վարչապետը:
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, March 31, 2020
![]()