«Նեմեց Ռուբոյի «օղորմաթասը» «հերոսների պանթեոնի» շեմին»․ Դավիթ Ջալալյան

Դավիթ Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Նեմեց Ռուբոյի «օղորմաթասը» «հերոսների պանթեոնի» շեմին

Սերժ Սարգսյանի մերձավոր, նախկին ռեժիմի կլասիկ ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի երեկվա հարցազրույցն ըստ էության մարտահրավեր էր նոր Հայաստանի քաղաքացուն: Մարտահրավեր, որի հիմքում ոչ թե չարիքի մերժումն է, այլ չարիքի տոտալ «ստերիլիզացիան» մեր երկրից, մեր հասարակությունից:

Այսօր թերևս փաստում ենք, որ մերժված համակարգի ներկայացուցիչների հերոսի կերպարի մեջ մտնելը նոր Հայաստանում կարծես մոդայիկ է դարձել։ Ճաղերի հետևում հայտնված գլխավոր «հերոսը» դատարաններում ազատություն մուրալով տենչում է գոնե մի քանի օր հայտնվել Իզմիրլյան բժշկական կենտրոնում, մյուս «հերոսը» շնչահեղձ է լինում դատական նիստերի ժամանակ, իսկ մեկ այլ հերոս՝ Նեմեց Ռուբոն «դուխով» հայտարարում, որ իր տեսակը չի վախենում բանտից և խոսում իր նախկին գործընկերոջ պոկված կոշիկի մասին։
«Հերոսություն», որը անպատասխան թողնելը ուղղակի ամոթալի կլինի թե քաղաքացիների և թե իշխանությունների համար։

Ամոթից լռելու և մեկուսարան մեկնելուց առաջ «փասափուսեքը» հավաքելու փոխարեն Նեմեց Ռուբոն մտնելով հերոսի կերպարի մեջ փորձեց հերոսացնել նաև իր քաղաքական կնքահայր Սերժ Սարգսյանին: Հայրապետյանը փառաբանեց մի մարդու, ում հետ 2008 թվականին Թուրքիայի հետ ֆուտբոլային հանդիպումից առաջ ՀՖՖ-ի գերբից չեզոքացրել էր Արարատ լեռը, Թուրքիայի նախագահին չնեղացնելու համար մարել Ծիծեռնակաբերդի լույսերը:

Հայրապետյանը փառաբանեց այն խունտան, որի օորոք հանդիսանալով Հայաստանի չեմպիոնի «Փյունիկի» սեփականատերը Մոսկվայից փախել էր Բաքվի «Նեֆթչիի» դեմ խաղից: Ազգադավ այս երևույթները ցավոք կարելի է շարունակ թվարկել:

Այնուամենայնիվ, երեկ Հայրապետյանը արեց մի հայտարարություն, որի հետ չհամաձայնվել ուղղակի չի կարելի․ «Իմ կոշիկը, երբեք չի պոկվի, Թովմաս Գրիգորյանի կոշիկը երբեք չի պոկվի․․․»։ Այո, ձեր կոշիկը երբեք չի պոկվի, քանզի ժողովրդից թալանված գումարներով գնում են սուպեր կոշիկներ, որոնք չեն օգտագործվում միայն հարմարավետ քայլելու համար։

Այդ կոշիկներով դուք և ձեր նմանները «քացու տակ» եք գցում ռազմական բժիշկին, սպանում նրան։ Ձեր արյունոտ կոշիկների հետքերը ցավոք նկատելի են մինչ օրս։ Ցավալի է նաև, որ այսօր՝ նոր Հայաստանում արյունոտ կոշիկներով մարդիկ փորձում են շարունակել իրենց քայլերթը։ Քայլերթ, որի կասեցման առաջնագծում պարտավոր են լինել այսօրվա իշխանությունները։

Այս պահին հարկ եմ համարում արձանագրել մի պարզ իրողություն: Բոլորին է հայտնի, թե կյանքում և թե քաղաքակության մեջ մահացածներին հետևից կամ լավն են խոսում, կամ պարզապես լռում:

Իսկ երբ քաղաքականության մեջ մահացածներին փառաբանում է «դիակը», դա ոչ այլ ինչ է քան օղորմաթաս: Օղորմաթաս «հերոսների պանթեոնի» շեմին:

Նեմեց Ռուբոյի «օղորմաթասը» «հերոսների պանթեոնի» շեմինՍերժ Սարգսյանի մերձավոր, նախկին ռեժիմի կլասիկ ներկայացուցիչ…

Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Saturday, December 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ