Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի հերոսն էր․․․

Մոտ երկու տարի գրեթե ամեն օր առիթ եմ ունեցել նույն սենյակում աշխատելու Վազգեն Սարգսյանի հետ։ 1987-89 թվականներն էին։ Վազգենը ղեկավարում էր «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը, որի աշխատողն էի ես։

Իմ տպավորությամբ նա բռնկուն եւ միաժամանակ սենտիմենտալ մարդ էր։ Բռնկումն ու սենտիմենտն, անշուշտ, նրա մշտական վիճակները չէին։ Դրանց միջակայքում նա բավականաչափ պրագմատիկ էր։ Դա յուրօրինակ պրագմատիզմ էր՝ մի քիչ մոտ արկածախնդրությանը եւ մի քիչ հեռու խոհեմությունից։ Սա էլ նրան հնարավորություն էր տալիս նախաձեռնել անհնարին բաներ՝ ձեւ անելով, թե դրանք ամենեւին էլ անհնարին չեն։

Ջոկատների միավորման նախաձեռնությունը կամ 500 մահապարտ հրավիրելու կոչն ասածիս ուղիղ ապացույցներն են։ Ցավոք, նման մի ապացույց էլ Վազգենի մասնակցությունն է 1998-ի հեղաշրջմանը։

Այն, որ Տեր-Պետրոսյանի առաջարկած խաղաղության ծրագիրը պետք է դուր չգար պաշտպանության նախարարին, պարզ էր ու հասկանալի, բայց գլխավոր ընդդիմախոս դառնալը ոչ թե քաղաքական անհամաձայնությունից էր, այլ՝ անհնարինն ակնհայտ դարձնելու վստահությունից։ Վազգենն ընդդիմադիր ճամբարում էր ոչ այն պատճառով, որ այդպես էր ուզում հաղթանակած զինվորականությունը, այլ որովհետեւ խաղաղության մասին խոսակցությունն առաջ էր բերել հաղթանակն անձնավորելու պահանջ։

Մինչեւ 1998-ի փետրվարի 3-ի այն պահը, երբ Տեր-Պետրոսյանը կարդում էր հրաժարականի իր տեքստը, Վազգենը կարծում էր, որ հերոսանալուց հրաժարված մարդուն փոխարինելու է ինքը, բայց փետրվարի 4-ին արդեն պարզ էր, որ Սպարապետը Տեր-Պետրոսյանի հաղթանակի հերոսն էր։

Ոչ մի զորք երբեւէ երկու գլխավոր հրամանատար չի ունեցել ու չի կարող ունենալ, եւ դրա համար Ռոբերտ Քոչարյանը շտապեց խոսել միակ տղամարդու մասին, եւ դրա համար նախընտրական քարոզիչները շրջանառության մեջ դրեցին «воин» կեղծանունը, որի իսկությունը հաստատող գեթ մեկ մարդ չի հաջողվում գտնել Լեռնային Ղարաբաղում։

Նման իրավիճակներում պատվախնդիր զինվորականներն ինքնասպանություն են գործում, բայց սա Վազգենի համար լուրջ պատճառ չէր եւ հետո նա շարունակում էր ապավինել անհնարինն ակնհայտ դարձնելու իր ձիրքին։ Նա հասկանում էր, որ հայոց տարածությունում տարերքն ու հաղթանակած զինվորականությունը դեմ դիմաց են մնացել՝ պատրաստ միմյանց հոշոտելու։ Վազգենի պրագմատիզմը, որը մի քիչ մոտ էր արկածախնդրությանը, մի քիչ հեռու խոհեմությունից, սկսեց աշխատել։

Նա հասկանում էր, որ այս պայքարում հաղթանակած զինվորականության հաղթանակը Ռոբերտ Քոչարյանին դարձնելու էր սուպեր հերոս, եւ Քոչարյանի իշխանության մեջ ինքը՝ լիներ պաշտպանության նախարար թե վարչապետ, ունենալու էր հնոցապանի կարգավիճակ։ Նրա գործը լինելու էր կռված տղերքի հոգիները բորբ պահելը՝ անկախ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից։

Տարերքի հաղթանակի դեպքում ինքն էլ, Քոչարյանն էլ, հաղթանակած զինվորականությունն էլ անցնելու էին պատմության գիրկը, իսկ պատմությունն իր գրկում ավելի հաճախ անարժաններին է մեծարում։

Ստեղծված վիճակում միակ ելքը կարող էր լինել տարերքի ու հաղթանակած զինվորականության միաձուլումը, ինչն էլ տեղի ունեցավ 99-ի գարնանը. պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի Հանրապետական ու տարերքի առաջնորդ Կարեն Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցությունները միավորվեցին՝ կազմելով «Միասնություն» դաշինքը, որի կարգախոսը հստակ էր. «Պաշտպանենք եւ կառուցենք»։

«Միասնության» քարոզչական պաստառների վրա Puzzle-ի երկու կտոր էր։ Ընդամենը երկու կտոր, որոնք չէին հուշում ամբողջական պատկերը։

Դժվար էր կռահել, թե ինչպիսին է լինելու Սարգսյան-Դեմիրճյանի ստեղծելիք Հայաստանը, բայց դաշինքի նպատակը պարզ էր ու հասկանալի, եւ հատկապես ակնհայտ դարձավ Հանրապետականի նախընտրական համագումարում, երբ Վազգենն իր կուսակիցներին ասաց, թե ինքը Քոչարյանի դեմ դուրս չի գալու։
-Հույսներդ կտրեք,- ջղային տոնով ասում էր Վազգեն Սարգսյանը՝ դրանով Քոչարյանին եւ մյուսներին հասկացնելով. «партия требует»։ Դեմ դուրս չգալու խոստում հնչեցնելով՝ միաժամանակ նա հասկացնում էր, որ հաղթանակած զինվորականությունն իրենն է, հասկացնում էր, որ ինքը եւ միայն ինքը կարող է նրան զսպել, իսկ ինչ-որ պահի կարող է նաեւ չզսպել։ Այդ պահը չեկավ 1999-ի հոկտեմբերի 27-ին։

Ո՞վ կազմակերպեց ոճրագործությունը, այնքան էլ կարեւոր չէ, հատկապես, որ ցանկացած պնդում ավելին չի լինելու, քան ենթադրությունը։ Բայց պարզ է մի բան, որ Վազգեն Սարգսյանի Puzzle-ն այդպես էլ մնաց չհավաքված։ Ու մնաց չհավաքված ոչ թե այն պատճառով, որ ամբողջական պատկերը չկար, այլ որովհետեւ չկային պատկերի մյուս դրվագները՝ չկային մարդիկ, ովքեր պիտի պաշտպանեին ու կառուցեին։

Տիգրան Պասկևիչյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ